24/03/2017 13:10
Թե կարող եք, օգնեք. Ապրիլյան պատերազմի հերոսի մայրը խնդրանքով դիմեց Սեյրան Օհանյանին
Քարոզարշավի շրջանակներում Ալավերդի կատարած այցի ժամանակ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանին մի կին մոտեցավ՝ խնդրանքով. «Իմ որդին ապրիլյան պատերազմի մասնակից է, բայց ապրելու ոչ մի հնարավորություն չունի: Ես գումար չեմ ակնկալում որևիցե մեկից, միայն գործ եմ ուզում իմ տղայի համար: Թե կարող եք, օգնեք»:
Սեյրան Օհանյանը նշեց, որ ապրիլյան հերոսամարտի բոլոր մասնակիցները պետք է մշտապես ուշադրության կենտրոնում լինեն:
«Իմ նախարար եղած ժամանակն էլ բոլորը այդ հարցով դիմում էին ՊՆ: Այս հարցով մենք չպետք է ծանրաբեռնենք պաշտպանության նախարարությանը: Խնդրով պետք է զբաղվի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Ես անընդհատ պայքարել եմ, որ սոցապ նախարարության գործառույթները չիրականացնի բանակը», - ասաց պաշտպանության նախկին նախարարը:
Սեյրան Օհանյանն, այնուամենայնիվ, խոստացավ օգնել կնոջը. «Ինձ տվեք ձեր տղայի տվյալները, ես առանձին կզբաղվեմ այդ հարցով»: