24/03/2017 12:50
Նաիրիտի արտադրանքի պահանջարկը Ռուսաստանում մոտ 4000 տոննա է, ինչու՞ այն պետք է չաշխատի. Կոմկուսի ներկայացուցիչ
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը պատրաստվում է զարգացնել ու վերականգնել ՀՀ արդյունաբերական ներուժը, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի կազմակերպած «ՀՀ ԱԺ ընտրությունների տնտեսական խոստումները» թեմայով քննարկմանն այսօր ասաց ՀԿԿ ներկայացուցիչ Նաիրա Մարտիրոսյանը:
«Չէի ուզի ասել, որ մենք ապրում ենք անցյալով, բայց խորհրդային Հայաստանում ունեցել ենք մոտ 700 ձեռնարկություն, այսօր դրանք թալանված են ու չեն աշխատում», - ասաց Ն. Մարտիրոսյանը:
Նա նշեց՝ արդյունաբերության վերականգնմամբ կստեղծվեն աշխատատեղեր, կավելանան բյուջեի մուտքերը:
«Կուզենայի անդրադառնալ «Նաիրիտի» խնդրին: Այսօր «Նաիրիտի» արտադրանքի պահանջարկը Ռուսաստանում մոտ 4000 տոննա է, հարց՝ ինչու՞ այն պիտի չաշխատի: Նաիրիտի կուտակած պարտքերը միայն էներգետիկ ծախսերի պատճառով են», - ասաց ՀԿԿ ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ Հայաստանում պետք է ստեղծել արդյունաբերության և արտաքին առևտրի նախարարություններ: