24/03/2017 13:27
Եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, ապա 29,4 տոկոսը կքվեարկեր՝ ՀՀԿ-ի, 28, 2 տոկոսը՝ «Ծառուկյան»-ի օգտին
Եթե առաջիկա կիրակի տեղի ունենային խորհրդարանական ընտրությունները, ապա Հանրապետական կուսակցության օգտին կքվեարկեր հարցված քաղաքացիների 29,4 տոկոսը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով վերջին 15 օրերի հարցումների արդյունքները՝ տեղեկացրեց Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Քաղաքացիների 28, 2 տոկոսը ասել է, որ կքվեարկեր «Ծառուկյան» դաշինքի օգտին, ԵԼՔ դաշինքին ձայն կտար 6,1 տոկոսը, ՀՅԴ-ին՝ 4,8 տոկոսը, «Ազատ դեմոկրատներ»-ին 4,4 տոկոսը, «Հայկական վերածնունդ»-ին՝ 3,4 տոկոսը, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի օգտին՝ 2,9 տոկոսը, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի օգտին` 2,5 տոկոս, «Կոմունիստական կուսակցության օգտին՝ 1,2 տոկոսը:
«Ինչպես տեսնում եք, առաջատարների պատկերը չի փոխվել, Հանրապետական կուսակցությունն է մի փոքր առաջ անցել «Ծառուկյան» դաշինքից: Նախորդ հարցումների տվյալներով, նրանք շատ մոտիկ էին: Կարծում եմ՝ այստեղ ամեն դեպքում Կարեն Կարապետյանի մասնակցությունն այս քարոզարշավին նպաստեց, որ նրանք գրանցեն ավելի բարձր ցուցանիշներ», - ասաց Նավասարդյանը:
Հարցումը կատարվել է նախընտրական քարոզարշավի 15 օրերի ընթացքում, Հայաստանի տարբեր շրջաններում, 1145 քաղաքացիների շրջանում։
Հիշեցնենք՝ դեռևս մարտի 6-ին նույն կազմակերպության կողմից հրապարակված հարցման համաձայն, հարցվողների 26,4% ասել էր, որ ձայնը կտա «Ծառուկյան» դաշինքին, 22,8%-ը՝ ՀՀԿ-ին, 4,3%-ը՝ «ԵԼՔ» դաշինքին, 3,9%-ը՝ ՀՅԴ-ին, 3,4%-ը «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, 2,7%-ը՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, 2,6%-ը՝ Կոնգրես-ՀԺԿ դաշինքին, 1,8%-ը՝ ՕՐՕ դաշինքին և 1%-ը՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցությանը: