24/03/2017 13:15
ՀՀԿ-ի քարոզարշավին վարչապետի մասնակցությանը քաղաքացիների 61,7 տոկոսը դրական է վերաբերվում
Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության աշխատանքը դրական է գնահատել հարցված քաղաքացիների 59,4 տոկոսը: Այդ մասին այսօր լրագորղների հետ հանդիպմանը՝ ներկայացնելով վերջին 15 օրերի հարցումների արդյունքները, տեղեկացրեց Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Հարցված քաղաքացիների 62,2 տոկոսն ասել է, որ կառավարության ղեկավարի փոփոխությունից հետո իրենց սպասումներն արդարացել են վարչապետի գործունեության վեց ամիսների ընթացքում: Իսկ հարցվածների միայն 12,7 տոկոսն է ասել, որ ընդհանարպես չեն արդարացել իրենց սպասումները:
Քաղաքացիների 72,9 տոկոսը ասել է, որ Կարեն Կարապետյանը առաջին հերթին պետք է աշխատատեղեր ստեղծի, 25,5 տոկոսն ասել է, որ պետք է կոռուպցիայի դեմ պայքարի, այնուհետև նշել են, որ պետք է կրթության ու առողջապահության խնդիրներով զբաղվի:
Հարցին, կցանկանայի՞ն, որ ապրիլի 2-ի ընտրություններից հետո Կարեն Կարապետյանը շարունակի մնալ վարչապետի պաշտոնում, հարցվածների 82,8 տոկոսը դրական պատասխան է տվել:
Հարցում կատարողները քաղաքացիներից նաև հետաքրքրվել են, թե ինչպե՞ս են վերաբերվում ՀՀԿ-ի քարոզարշավին վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությանը, ինչին քաղաքացիների 61,7 տոկոսը դրական վերաբերմունք է արտահայտել:
Քաղաքացիների 46,6 տոկոսը հայտնել է, որ հետևում է քաղաքական ուժերի նախընտրական քարոզարշավին, 53,4 տոկոսը ասել է՝ ոչ:
Հատկանշական է, որ արդյունքների համաձայն, քաղաքացիների 73,7 տոկոսը ասել է, որ հանդիպել ու ներկա է գտնվել «Ծառուկյան» դաշինքի քարոզարշավային հավաքներին: Քաղաքացիների 65,7 տոկոսը եղել է Հանրապետականի քարոզարշավին, 25 տոկոսը՝ ԵԼՔ-ի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հավաքներին՝ 19,1 տոկոսը, 12,4 տոկոսը ներկա է եղել ՀՅԴ-ի հավաքներին, «Ազատ դեմոկրատներինը»՝ 7,7, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հավաքներին՝ 7,6 տոկոսը:
Քաղաքացիների 36,7 տոկոսն է ծանոթացել քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին, իսկ նրանց մեծ մասը՝ 76,4 տոկոսը ծանոթացել է «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրին: Երկրորդ տեղում է Հանրապետական կուսակցությունը՝ 65,1 տոկոս: