25/03/2017 20:01
Լավաշի և արևահամ ծիրանի հայրենիքում ռուս լրագրողը բազմաթիվ այլ բացահայտումներ է արել.«Россия-24»-ի հատուկ ռեպորտաժը Հայաստանի մասին (Տեսանյութ)
Հայաստանն իր հմայքով նորովի է ներկայացել աշխարհին՝ «Россия -24» հեռուստաալիքի եթերում: Հազարամյակների պատմություն ունեցող մեր երկրի ավանդույթներն ու ձեռքբերումները, հոգևոր ու նյութական ժառանգությունը, յուրօրինակ բնությունը, մայրաքաղաք Երևանի և զբոսաշրջային կենտրոնների կոլորիտը, միջազգային մակարդակի կրթական կենտրոնները և այն ամենը, ինչով հպարտանում է Հայաստանը, խտացվել են եթերի 15 րոպեներում և հատուկ ռեպորտաժի տեսքով մատուցվել հեռուստադիտողին:
Ռեպորտաժի հեղինակ Անտոն Բորիսովը Մոսկվայի օդանավակայանից Երևան է ուղևորվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար նախատեսված ներքին անձնագրով, իսկ հետո շրջել է Հայաստանով ու պատմել, թե ինչպիսին է այն. հնագույն եկեղեցիներ, որոնցից 8-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում են, գորգագործություն, որը Հայաստանում սկիզբ է առել դեռ մեր թվարկությունից առաջ, 6 000 տարվա հնության գինեգործական համալիր, որը գտնվել է Արենիի քարանձավում և վկայում է, որ Հայաստանը գինեգործության բնօրանն է եղել, այս ամենի կողքին՝ միջազգային կրթական կենտրոններ, որտեղ ինովացիոն կրթություն են ստանում երեխաներ՝ աշխարհի տարբեր ծայրերից, զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաներ, ժամանակակից հյուրանոցներ, ռեստորաններ, զբոսաշրջային կենտրոններ .... Լավաշի և արևահամ ծիրանի հայրենիքում ռուս լրագրողը բազմաթիվ այլ բացահայտումներ է արել:
Հռոմից ավելի հին Երևանը թղթակցին ներկայացել է վերակառուցված Կասկադով ու այնտեղ գտնվող ժամանակակից արվեստի թանգարանով, Հայաստան տեղափոխված սիրիահայերի համեղ ուտեստները մատուցող ռեստորաններով, միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխանող հյուրանոցներով ու ժամանցային կենտրոններով: Ծաղկաձորը ներկայացվել է որպես զբոսաշրջային ու սպորտային կենտրոն, Դիլիջանը՝ իր միջազգային դպրոցի շնորհիվ, որպես ինտելեկտուալ կենտրոն: Հնդկաստանից, Սվազիլենդից և այլ երկրներից եկած աշակերտները պատմել են, թե ինչ են նրանք սովորում Հայաստանում և ինչպես են այստեղ նոր ընկերներ ձեռք բերում: Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, որը աշխարհի 10 լավագույն ինովացիոն դպրոցների շարքում առաջատար է, նույնպես պատմել են իրենց կրթական ծրագրերի մասին:
Եվ այս ամենը՝ նաև տնտեսությունը զարգացնելու համար: Լրագրողը պատմել է, որ կրթական համակարգը բարեփոխելուն ու զարգացնելուն զուգընթաց, Հայաստանում ձեռնարկվում են քայլեր՝ միտված արտադրության ու առևտրաշրջանառության ծավալի աճին, ներդրումների համար բարենպաստ միջավայր ձևավորելուն: Այս ամենի մասին ռեպորտաժում խոսել է նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և կարծիք հայտնել, որ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում առևտրատնտեսական նոր ակտիվություն կլինի:
Ներդրումային ծրագրեր, որոնց արժեքը 3,2 միլիարդ ԱՄՆ դոլար է, պետության կողմից աջակցություն՝ ներդրումային միջավայրի բարելավման համար, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված ծրագրեր և Ռուսաստանի Դաշնության հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացում: Այսպես է Հայաստանի տնտեսության հեռանկարները ներկայացրել Անտոն Բորիսովը, որը նաև ասել է, որ Հայաստանն այն երկիրն է, որտեղ պահպանվում են ավանդույթները և ստեղծվում են նորերը: