25/03/2017 12:15
Անդրանիկ Մարգարյանը երեխաների հետ կոպիտ էր վարվում, բայց նրան ամենաշատն էին սիրում (Տեսանյութ)
Պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Կոմիտասի անվան պանթեոնում էին հավաքվել նրա հարազատները, ընկերները, գործընկերները։
Անդրանիկ Մարգարյանի ընկերը՝ Գառնիկ Բադալյանը, լրագրողների հետ զրույցում, խոսելով ընկերոջ մասին, ասաց, որ դեռևս 1967 թվականից է Անդրանիկ Մարգարյանի հետ ընկերություն արել։
«Եղել եմ Ազգային միացյալ կուսակցության անդամ, Անդրանիկ Մարգարյանը եղել է անմիջապես մեր խմբի ղեկավարը։ Նա միշտ կհիշվի որպես մեր ազգին անմնացորդ նվիրված պետական գործիչ։ Ընկերության մեջ եղել է առաջնորդը։ Վարակում էր մեզ իր հայրենասիրությամբ։ Մեծ է նրա լուման նաև մեր տնտեսության մեջ», - ասաց Գառնիկ Բադալյանը։
Նա նշեց, որ դեռևս դպրոցում Մարգարյանը եղել է ակտիվ, մասնակցել է շարժումներին։
Նախկին վարչապետի ընկերն ասաց նաև, որ Անդրանիկ Մարգարյանը մանկահասակ երեխաների հետ բավական կոպիտ էր վարվում, բայց միևնույն է, երեխաները նրան ամենաշատն էին սիրում։
«Շատ երեխասեր էր», - ասաց ընկերը։
Նախկին վարչապետի մյուս ընկերը՝ «Հանրապետական» կուսակցության անդամ Վազգեն Կարախանյան էլ ասաց, որ Անդրանիկ Մարգարյանը հասարակության մեջ թողեց սեր, հարգանք առ հարազատ ժողովուրդ։
«Եվ ամենակարևորը՝ հավատով լեցուն վաղվա օր թողեց։ Նա շատ եզակի քաղաքական ու պետական գործիչներից մեկն է, որ արժանացավ ժողովրդի սիրուն», - ասաց Վազգեն Կարախանյանը։
Անդրանիկ Մարգարյանի քույրը՝ Անահիտ Մարգարյանն էլ հիշեց, որ եղբայրը փոքրուց միշտ ասում էր, որ իմ համար հայրենիքը, ժողովուրդը, հայրենիքի շահերն առաջնային են. «Նույիսկ ընտանիքից ավելի կարևոր և առաջնային, դա նրա ամենակարևոր պատգամն էր, ամեն ինչ պետք է ծառայեցնել հանուն հայրենիքի, ժողովրդի շահերի։ Նա այդպես էլ ապրեց, այդպես էլ գործեց, ոչ միայն ասաց, այլ իր ապրելակերպով, իր գործով դա ապացուցեց»։