25/03/2017 14:48
Հայաստանի ու Արցախի առջև ծառացած մարտահրավերների լուծման գործում կարևոր է արտերկրում ապրող մեր հայրենակիցների դերը. Էդուարդ Շարմազանով
Մարտի 25-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում` ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հայկական ներկայացուցչությունում, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:
ՀՀ ԱԺ պատվո մեդալով պարգևատրվել է ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ, ԱՊՀ ՄԽՎ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայկ Չիլինգարյանը. պարգևը հանձնել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: ՀՀ ԱԺ պատվոգրով և ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով են պարգևատրվել նաև հայկական համայնքի 18 ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել ելույթով և պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին: ԱԺ փոխնախագահը կարևորել է Սանկտ Պետերբուրգի հայության դերը Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության ամրապնդման, հայապահպանության, հայկական մշակույթի պահպանման և տարածման գործում:
Նա մասնավորապես նշել է.
«Հարգելի քույրեր և եղբայրներ, այս տարի լրանում է Հայաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Երկու երկրների դաշնակցային հարաբերություններում կարևոր է Ռուսաստանում ապրող հայերի, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգի հայության ներդրումը: Մենք շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ հայրենիքի կողքին լինելու և հայրենիքի խնդիրներով ապրելու համար: Հայաստանի ու Արցախի առջև ծառացած մարտահրավերների լուծման գործում կարևոր է նաև արտերկրում ապրող մեր հայրենակիցների դերը: Միայն միասնական, համերաշխ ու նպատակասլաց գործունեության դեպքում մենք կարող ենք ունենալ մեր երազանքների Հայաստանը:
Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունը պետք է լինի մեր հաջողությունների գրավականը: Այսօր մեր հայրենիքը կանգնած է կարևոր մարտահրավերների և ընտրության առջև և համոզված եմ, որ միայն անվտանգությունն ապահովելով՝ մենք կարող ենք արձանագրել առաջընթաց: Համոզված եմ, որ թե՛ անվտանգության և թե՛ առաջընթացի ապահովման հարցում դուք ունենալու եք էական դերակատարում: Շնորհակալ եմ ձեր նվիրումի համար»: