25/03/2017 13:33
Էջմիածնում ատրճանակով սպառնացել են ՕՐՕ-ի շտաբի աշխատակցին. Նոր մանրամասներ
Էջմիածնում երեկ երեկոյան տեղի ունեցած միջադեպի մասին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը մանրամասներ է հաղորդել Aysor.am-ի թղթակցին:
Նրա խոսքով, մարտի 24-ի երեկոյան Էջմիածնի Վազգեն I ու Նալբանդյան փողոցների խաչմերուկում առանց պետհամարանիշի ավտոմեքենան կանգնեցրել է ՕՐՕ դաշինքի շտաբի աշխատակից, Էջմիածնի բնակիչ Պատվական Պոդոսյանի ավտոմեքենան, «նստել հետևի նստարանին, ատրճանակը պահել գլխին և սպառնացել հեռու մնալ դաշինքից ու ընտրական պրոցեսներից»:
«Այդ անձը սպառնացել է, որ դաշինքի քայլերի մասին ամեն ինչ գիտի, գիտի նաև բոլորի ավտոմեքենաները: «Կարծում եմ, սա մեր վերջին հանդիպումն է: Երկրորդ անգամ էլ չենք հանդիպի», ասել է այդ անձը», - պատմեց Արեգնազ Մանուկյանը:
ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչները դիմել են ոստիկանություն և մինչև առավոտյան ժամը 5-ը ցուցմունք են տվել: