25/03/2017 14:36
ԿԸՀ-ն ուսումնասիրում է դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունները (Տեսանյութ)
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուսումնասիրում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կողմից 100-ից ավելի դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունները: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Կազմակերպությունից խնդրել ենք բոլոր ձայնագրությունները, հիմա գնում են ուսումնասիրություններ, որովհետև պետք է այդ ամբողջը լսել, յուրաքանչյուրը իրենից ներկայացնում է մեկ ինքնուրույն փաստական հանգամանք: Կլսենք ու դիրքորոշման մասին կիրազեկենք», - ասաց Մուկուչյանը:
Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հրապարակել էր հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ցանկ, որտեղ ներկայացվել էին նրանց հետ խոսակցությունների ձայնագրություններ, երբ տնօրեններն ասում են, որ Հանրապետական կուսակցության համար իրենք ցուցակներ են հավաքել: