25/03/2017 21:03
Մեր զինված ուժերը իրենց մարտական անգերազանցելի ոգով շարունակելու են հակառակորդին պարտադրել խաղաղություն. ՀՀ նախագահ
Հայաստանի և Արցախի անվտանգությունը մեր թիվ մեկ խնդիրն է։ Թիվ մեկ խնդիրը։ Այդ մասին այսօր Արցախ կատարած այցի ընթացքում, Արցախի Պաշտպանության բանակի զորամասերից մեկում զինծառայողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախագահի խոսքով, Հայաստանի իշխանությունները չեն խնայել ու չեն խնայելու որևէ ջանք ու միջոց և նաև հնարավորություն՝ ավելի ամրապնդելու մեր անվտանգությունը, համալրելու այն նոր բաղադրիչներով:
«Մեր երկրի զարգացմանն ուղղված արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանն ուղղված ջանքերին զուգահեռ մենք շարունակելու ենք մեր զինված ուժերի արդիականացման, մարտունակության էլ ավելի բարձրացման, նորագույն ու համարժեք սպառազինություններով համալրման մեր, ըստ էության, այլընտրանք էլ չունեցող քաղաքականությունը», -հայտարարել է Սարգսյանը։
Նախագահը նշել է, որ միջազգային միջնորդների հետ միասին շարունակելու են իրենց ջանքերը՝ հասնելու արցախյան հիմնախնդրի խաղաղ ու արժանապատիվ կարգավորմանը։
«Կարգավորում, որը կարձանագրի Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ազատ ապրելու և արարելու անխախտ ու անվիճարկելի իրավունքը և կերաշխավորի տևական ու կայուն խաղաղություն: Բայց մենք մեր ոչ վաղ անցյալից, ապրիլյան պատերազմից գիտենք, թե սահմանի հակառակ կողմում ինչպիսի մտածողություն է տիրում և ինչ արժեքներ են քարոզվում, իրականության ու դրա հեռանկարների ինչպիսի աղճատված ու երևակայական ընկալումներ կան: Շատ պարզ ու հասկանալի հայտարարում եմ. մեր զինված ուժերը՝ մեր հավաքական պատիվն ու արժանապատվությունը, շարունակելու են իրենց պատրաստվածությամբ, սպառազինությամբ ու մարտական անգերազանցելի ոգով հակառակորդին պարտադրել խաղաղություն, եթե, Աստված մի արասցե, դրա անհրաժեշտությունը կրկին լինի:
Թող ոչ ոք չկասկածի՝ աշխարհում հատուկենտ ժողովուրդներ կան, որ գիտեն խաղաղության գինն այնպես, ինչպես մենք: Կրկին, թող ոչ ոք չկասկածի, մենք ժողովուրդ ենք, ում արժանապատվությունը առուծախի առարկա չէ, ում անհնար է սպառնալիքով մղել քայլերի, որ հակոտնյա է մեր արժանապատվությանն ու արդար զգացումին, նաև միջազգային իրավունքի նորմերին», -հայտարարել է Հայաստանի նախագահը։
Այնուհետև Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել զինծառայողների ծնողներին՝ «հերոս տղաներ դաստիարակելու համար»: