25/03/2017 13:48
Ամենավտանգավոր բանը, երբ ստեղծվում է լայնածավալ խախտումների պատրանք. Հարությունյանը՝ տնօրենների ձայնագրության մասին (Տեսանյութ)
Ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի սխալ օգտագործումը անթույլատրելի երևույթ է և օրենսդրորեն արգելված է հանրային ծառայողների համար: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ՀՀԿ խորհրդի նախագահ Դավիթ Հարությունյանը:
Այդուհանդերձ, նրա խոսքով, էթիկայի կանոնները թույլ չեն տալիս վարչական ռեսուրս կիրառել ընտրություններում ոչ հանրային ծառայողների համար:
«Տվյալ դեպքում խոսքը հանրային ծառայողների մասին չէ, այլ ուսումնական հաստատությունների տնօրենների մասին է: Բայց ընդհանուր գնահատական տալ չեմ կարող, որովհետև մանրամասն պետք է ուսումնասիրեմ: Ամենավտանգավոր բանը, երբ ստեղծվում է պատրանք, այսպես ասենք, լայնածավալ որոշակի խախտումների, երբ իրականում շատ մանրակրկիտ պետք է ուսումնասիրություններ կատարել», - մամուլում հայտնված 100-ից ավելի դպրոցների տնօրենների ձայնագրությունների մասին ասաց Հարությունյանը:
Նրա խոսքով, ինքը երեկ կարողացել է հասցնել մի քանի ձայնագրություն ուսումնասիրել, և մեկում որոշ խնդիրներ նկատել է:
«Մեկում խնդիրներ տեսա, իսկ մյուս երկուսում խնդիր չկար: Այն մեկում, որտեղ խնդիր տեսա, չի նշանակում, թե հիմա կարող եմ պնդել, որ ակնհայտորեն ընտրախախտում կամ էթիկայի խախտում կա: Վստահեցնում եմ ձեզ, որ ինքս ևս ուսումնասիրելու եմ այդ դեպքերը», - ասաց Հարությունյանը:
Մեր հարցին, թե այս պահին Հանրապետական կուսակցության գրանցումը անվավեր ճանաչելու հիմքեր տեսնո՞ւմ է, Հարությունյանը պատասխանեց, որ բացարձակ հիմքեր չկան կուսակցության գրանցումը անվավեր ճանաչելու համար:
Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը այսօր հրապարակել էր հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ցանկ, որտեղ ներկայացվել էին նրանց հետ խոսակցությունների ձայնագրություններ, երբ տնօրեններն ասում են, որ Հանրապետական կուսակցության համար իրենք ցուցակներ են հավաքել: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հայտարարել էր, որ պատրաստվում է դիմել ԿԸՀ՝ ՀՀԿ-ի գրանցումը անվավեր ճանաչելու հիմքով: