25/03/2017 10:30
Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ է ներկայացրել քիմիական ահաբեկչության մասին բանաձևի նախագիծ
Ռուսաստանը կրկին ՄԱԿ ԱԽ է ներկայացրել Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների ձեռքում քիմական զենքի հայտնվելու դեմ պայքարի հարցով բանաձևի նախագիծ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Սաֆրոնկովը, փոխանցում է РИА Новости-ն:
Փաստաթղթի համահեղինակ է հանդիսացել Չինաստանի պատվիրակությունը։ Սաֆրոնկովի խոսքով՝ խորհրդակցությունների ընթացքում Ռուսաստանն ուշադրություն է հրավիրել Մոսուլում ահաբեկիչների կողմից քիմիական զենքի օգտագործման խնդրի վրա։
Նման նախաձեռնությամբ Ռուսաստանն ու Չինաստանը հանդես էին եկել 2016 թվականին, սակայն այդ ժամանակ նախագծին չէին աջակցել ԱԽ արևմտյան երկրները։
Նոր նախագիծը հաշվի է առնում Սիրիայում որպես զենք քիմիական նյութերի կիրառման դեպքերի հետաքննման համատեղ մեխանիզմի աշխատանքի արդյունքները։