25/03/2017 13:12
Վարդան Օսկանյան. Ղարաբաղյան հարցում տարածքների զիջումը մենք չենք ընդունում
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը այսօր Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում էր: ՕՐՕ-ին այստեղ դիմավորեցին աղ ու հացով, դհոլ զուռնայով: ՕՐՕ դաշինքի 3-րդ համար Վարդան Օսկանյանն իր ելույթում ընդգծեց, որ ՕՐՕ-ին ընտրելով չեն փոշմանի:
«Ապրիլի 2-ի ընտրություններից հետո, իշխանափոխությունից հետո մենք կարող ենք երկիր փոխել, մենք վստահ ենք դրանում, ընտրեք մեզ՝ չեք փոշմանելու», - ասաց Վարդան Օսկանյանը:
Նա նաև անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրին՝ նշելով, որ Արցախի հարցում փոխզիջումների գնալը պարտվողականություն է.
«Ղարաբաղյան հարցում տարածքների զիջումը մենք չենք ընդունում: Գտնում ենք, որ դա պարտվողական որոշում է: Մենք ամեն ինչ անելու ենք, որ ԼՂՀ-ն միջազգային ճանաչում ունենա, որի հնարավորությունը իսկապես ունենք», - նշեց Վարդան Օսկանյանը:
Նշենք, որ Քարակերտում ՕՐՕ-ի քարոզարշավին միացել էր ապրիլյան պատերազմի հերոսներից Մանուել Մանուկյանն, ով և Քարակերտցիներին, և իր մարտական ընկերներին հորդորեց միանալ ՕՐՕ-ին ու պայքարել մինչև վերջ.
«Մենք չկռվեցինք, որ մեր ծնողներն այսօր ազատ չլինեն: Մի վախեցեք, մենք ձեր ազատության համար ենք կռիվ տվել», - ասաց Մանուելը: