25/03/2017 12:39
Բելառուսում ձերբակալել են ընդդիմության առաջնորդ Վլադիմիր Նեկլյաևին
Բելառուսի իրավապահ մարմինները Լեհաստանից վերադառնալիս ձերբակալել են երկրի նախագահի նախկին թեկնածու, ընդդիմադիր առաջնորդ Վլադիմիր Նեկլյաևին: Այս մասին հայտարարել է «ԲելաՊան» մասնավոր գործակալության հիմնադիր և գլխավոր տնօրեն Ալես Լիպայը, փոխանցում է РИА Новости-ն:
«Գիշերվա ժամը 2-ին ձերբակալվել է բելառուս բանաստեղծ, 2010 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու Վլադիմիր Նեկլյաևը: Ոստիկանությունը Բրեստ քաղաքում Նեկլյաևին դուրս է բերել գնացքից, որով նա հայրենիք էր վերադառնում Վարշավայից, որտեղ մասնակցել է Բելառուսի իրավիճակի վերաբերյալ բանավեճին», - գրել է Լիպայը Facebook-ում:
Հայտնի է, որ փետրվար-մարտ ամիսներին Բելառուսի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվել «ձրիակերներից գանձվող հարկերի մասին» հրամանագրի դեմ: Իրավապահ մարմինների տեղեկությունների համաձայն` մարտի սկզբից ավելի քան 300 մարդ է ձերբակալվել բողոքի ակցիաների պատճառով, ընդ որում՝ ավելի քան 100 մարդ ենթարկվել է վարչական կալանքի:
Բելառուսի ընդդիմությունը շաբաթ օրը Մինսկում նոր բողոքի ակցիա է անցկացնելու: Քաղաքային իշխանությունները հստակ տեղ են առաջարկել բողոքի ակցիան անցկացնելու համար, սակայն ընդդիմությունը չի ընդունել այդ տարբերակը: