25/03/2017 16:51
Շինծու է, սուտ է, քաղաքական է ու ապօրինի. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Սամվել Բաբայանի կալանքի մասին
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանքը շինծու է, այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՕՐՕ դաշինքի 11-րդ համար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Դիտարկմանը, թե ի՞նչ է կարծում մամուլում տարածված այն լուրերի մասին, որ Սամվել Բաբայանը, «Իգլա» տեղափոխելով Հայաստան, մտադիր է եղել պայթեցնել նախագահի ինքնաթիռը, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց.
«Ոչ միայն տեղյակ չեմ, այլև նման բան չկա: Ես հավատացած եմ, որ սա շինծու է, սուտ է, քաղաքական է ու ապօրինի: Կուսակցապետությունը որոշում է, թե ով է իր համար սպառնալիք որպես քաղաքացի: Գեներալ Բաբայանը լինի, թե մեկ ուրիշը մեր դաշինքից, թիրախները վերցնում են, որովհետև գիտեն, այդտեղից կա ներուժ երկիրը փոխելու», - ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց նաև, որ Սամվել Բաբայանը քաղբանտարկյալ է:
Մեր այն հարցին, թե ինչպե՞ս են օգնելու Բաբայանին, քանի որ հայտարարել էին, որ մինչև վերջ նրա կողքին են լինելու, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ Սամվել Բաբայանը օգնության կարիք չունի:
«Բայց մենք նրան կզորակցենք բոլոր հնարավոր եղանակներով՝ ստեղծելով արդար ու ազատ երկիր, որը կազատի գեներալին ու մյուս քաղաքական բանտարկյալներին», - ընդգծեց նա: