25/03/2017 17:29
Փհենյանը միջուկային հարձակմամբ է սպառնում ԱՄՆ-ի նախազգուշական հարվածի փորձի դեպքում
Հյուսիսային Կորեայի վրա ԱՄՆ-ի նախազգուշական հարվածը «աղետալի հետևանքների կհանգեցնի»: Այս մասին նշված է երկրի Խաղաղության ազգային կոմիտեի ներկյացուցչի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կենտրոնական «Նոդոն սինմուն» թերթում, փոխանցում է ТАСС-ը:
Նա ԱՄՆ-ից պահանջել է «անհապաղ դադարեցնել Հյուսիսային Կորեայի դեմ ուղղված զորավարժությունները և Կորեական թերակղզում ու նրա շուրջը տեղակայված միջուկային հարվածային բոլոր միջոցները դուրս բերել»:
«ԱՄՆ-ը պետք է ունկնդրի խելամտության ձայնին և մտահոգվի այն աղետալի հետևանքների մասին, որոնք կարող է առաջացնել Հյուսիսային Կորեայի վրա նախազգուշական հարված հասցնելու փորձը», - ընդգծել է Կոմիտեի ներկայացուցիչը:
Նա նաև զգուշացրել է, որ «նման փորձի նվազագույն նշանի դեպքում Փհենյանը միջուկային կանխող հարձակման կենթարկի ագրեսիայի և սադրանքի բոլոր բազաները»:
ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ԶՈւ-ն մարտի 13-ին Key Resolve համատեղ հրամանատարաշտաբային կանոնավոր զորավարժություններ է սկսել, որոնք նախատեսված են Կորեական թերակղզու շրջանում ամերիկյան զորքերի արտահերթ ծավալման հնարավորությունների ստուգման համար: Դրանք ընթանում են Foal Eagle խոշոր ցամաքային զորավարժություններին զուգահեռ, որոնք մարտի 1-ին են մեկնարկել: Դրանց մասնակցում են բոլոր կարգի զորքերը:
Foal Eagle զորավարժությունների ընթացքում մշակվում են 5015 օպերատիվ ծրագրեր, որոնք Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային բազաների վրա հարվածներ են նախատեսում արտակարգ հանգամանքների դեպքում: Կողմերը նաև վարժանքներ են անցկացնում հակահրթիռային պաշտպանության ոլորտում: