27/03/2017 13:43
Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի արտգործնախարարին
Մարտի 27-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպան Յան Ալեքսանդր Հիլին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Է. Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Նոր Զելանդիայի հետ հարաբերությունների զարգացումը ամենատարբեր ոլորտներում, և հաջողություն մաղթեց դեսպանին իր կարևոր առաքելության մեջ:
Դեսպան Հիլը շեշտել է, որ իր կառավարությունը մեծապես հետաքրքրված է՝ զարգացնելու փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի հետ, և ինքը հավելյալ ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ ու բազմակողմ ձևաչափով փոխգործակցության զարգացմանն ուղղված քայլերը: Այս համատեքստում կարևորվել է արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, միջխորհրդարանական փոխգործակցության հաստատումը, իրավապայմանագրային դաշտի զարգացման, առևտրատնտեսական, հատկապես գյուղատնտեսության ոլորտում կապերի խթանման անհրաժեշտությունը:
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ երկկողմ համագործակցության զարգացման գործում կարևոր դերակատարություն կարող է ունենալ Նոր Զելանդիայի փոքրաթիվ, բայց ակտիվ հայ համայնքը։
Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, տարածաշրջանային և միջազգային հրատապ հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։