27/03/2017 14:10
Այո, տանելու ենք ձեր ձայները. Նաիրա Զոհրաբյանը՝ Արամ Սարգսյանին
«Ծառուկյան» դաշինքը տանելու է բոլոր այն կուսակցությունների ձայները, ովքեր սուտ ընդդիմություն են ներկայացնում, այս մասին Գառնիում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով երեկ «Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Սարգսյանի հայտարարությանը:
«Երեկ ասում ա՝ ««Ծառուկյան» դաշինքը մեր ձայներնա տանելու», այո, տանելու ենք, տանելու ենք բոլոր այն ձայները, որով դուք փորձում եք մոլորեցնել մարդկանց ու ներկայացնել, որ դուք միակ ընդդիմությունն եք», - ասաց Զոհրաբյանը:
Իր խոսքում Զոհրաբյանն անդրադարձավ նաև Արամ Սարգսյանի այն հայտարարությանը, որ առանց իշխանության թույլտվության Գագիկ Ծառուկյանը չէր կարող վերադառնալ քաղաքականություն:
«Արամ Զավենի Սարգսյանը երեկ քննադատում է «Ծառուկյան» դաշինքին, Ծառուկյանին ու ասում. «Ժողովո՛ւրդ, մեր երկրում առանց իշխանության թույլտվության, կաթի մթերման կետ էլ հնարավոր չի ունենալ»: Հիմա հարցնում եմ՝ պարոն Սարգսյան, որ Արարատում կրի գործարան ունեք, էդ իշխանության հետ համաձայնեցված ա, չէ՞, բա ասում եք՝ առանց իշխանության թույլտվության կաթի մթերման գործարան էլ չեք կարող ունենալ», - ասաց նա:
Զոհրաբյանի խոսքով՝ Արամ Սարգսյանը չի առաջադրվել Արարատի մարզում, քանի որ այնտեղ նրա եղբայրը աշխատում է Հանրապետական կուսակցության համար:
«Դրա համար էլ դու գնացել, առաջադրվել ես Սյունիքում: Բաժանել եք երկու եղբայրների միջև՝ մեկը Արարատի մարզում ապահովում ա Արամ Սարգսյանի ասած «հանցավոր իշխանության» վերարատադրությունը, մյուսն էլ իրա մարզը թողած Սյունիքում ա առաջադրվում, որ եղբորը չխանգարի, որպեսզի իր Հանրապետականի համար կարողանա հանգիստ ու ապահով աշխատի: Ժողովուրդ, այսպես չի լինի: Այս ամենը չէի ասի, եթե մարդիկ չխախտեին կոռեկտության սահմանները», - հավելեց նա: