27/03/2017 14:52
Բադմինտոնի «Li Ning Israel Youth 2017» միջազգային մրցաշարից Հայաստանի պատվիրակները Երևան են վերադառնում 2 մրցանակով
Մարտի 23-25-ը Իսրայելի Ռիշոն Լե Ցիոն քաղաքում կայացել է բադմինտոնի «Li Ning Israel Youth 2017» միջազգային մրցաշարի 8-րդ խաղարկությունը` մինչև 11, 13 և 15 տարեկանների համար:
Ստուգատեսին Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են Էլեն Տիրատուրյանը մինչև 13 տարեկանների (Մ13), Գայանե Մամաջանյանը և Սվետլանա Բոյաջյանը մինչև 15 տարեկանների (Մ15) խմբերում:
Աղջիկների զուգախաղում Գայանե Մամաջանյան-Սվետլանա Բոյաջյան զույգը, կիսաեզրափակչում զիջելով բելառուսա-իսրայելական Հելի Նեյման-Վերոնիկա Տարուսավա զույգին, բավարարվել է բրոնզե մեդալով:
Խառը զուգախաղի եզրափակչում Գայանե Մամաջանյանը հանդես է եկել Անգլիայի ներկայացուցիչ Տոբի Դիլնգհամի հետ: Նրանք մրցել են Ուկրաինան ներկայացնող Անաստասիա Պրոկոպովիչ-Արտյոմ Նոսով զույգի հետ, որին զիջելով 21:17 և 21:8 հաշվով, արժանացել են արծաթե մեդալների:
Նշենք, որ մարզուհիները մրցաշարին ներկայացել են մարզիչ Էլեոնորա Մեսրոպյանի ղեկավարությամբ: