27/03/2017 12:38
Գլխավոր դատախազությունում ուսումնասիրում են «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում. ձայնագրություններ» նյութը
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն արդեն ուսումնասիրում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» կայքի կողմից հրապարակված «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում. ձայնագրություններ» նյութը:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից Aysor.am-ին տեղեկացնում են, որ ուսումնասիրությունները շարունակվում են։
«Տվյալներ լինելու դեպքում կհրապարակենք», - հաղորդեցին հանրային կապերի բաժնից:
Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հրապարակել է հանրապետության բոլոր մարզերը և Երևանի բոլոր տարածքները ընդգրկող թվով 84 դպրոցի և 30 մանկապարտեզի տնօրենների հետ զրույցների մանրամասներ, թե ինչպես են ցուցակներ հավաքագրում ՀՀԿ-ի համար:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ 2017 թ. ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերը ուսումնասիրելու, ըստ ենթակայության ուղարկելու, այդ հաղորդումների քննարկման, դրանց հիման վրա նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և այդ ոլորտում Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեությունը համակարգելու նպատակով: