27/03/2017 17:17
Դրական ենք գնահատում Ռուսաստանի ջանքերը՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ. Շարմազանով (Տեսանյութ)
Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը մարտի 26-ին հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:
ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացումը, միջխորհրդարանական համագործակցության խորացումը և միջազգային հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների համակարգված աշխատանքը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, մասնավորապես, նշել է. «Այս տարի ապրիլի 3-ին լրանում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այս տարիների ընթացքում երկկողմ հարաբերություններում արձանագրվել են բազում հաջողություններ, որոնցում առանձնակի դերակատարում ունի նաև երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությունը»:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին: Որպես ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար՝ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է. «Մենք գտնում ենք, որ բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով և այդ առումով դրական ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, այդ թվում Ռուսաստանի ջանքերը՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Միևնույն ժամանակ դատապարտելի ենք համարում Ադրբեջանի ապակառուցողական գործողությունները, որոնք հակասում են թե՛ հայտնի 3 սկզբունքներին և թե՛ 2016 թվականի հոկտեմբերի 14-ին ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների հայտարարությունների ոգուն: Նման ապակառուցողական քաղաքականությունը չպետք է անարձագանք մնա ՀԱՊԿ ԽՎ-ի պատգամավորների կողմից»:
Կողմերն անդրադարձել են նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության ընդլայնման հեռանկարներին:
Վյաչեսլավ Վոլոդինն իր հերթին կարևորել է բարեկամ երկու երկրների և ժողովուրդների դաշնակցային հարաբերությունների զարգացումը և այդ համատեքստում ընդգծել հայ և ռուս խորհրդարանականների առավել սերտ շփումները: Պարոն Վոլոդինը համոզմունք է հայտնել, որ ՀԱՊԿ անդամ երկրների պատգամավորները և հայ ու ռուս խորհրդարանականները՝ որպես դաշնակիցներ, պետք է միմյանց աջակցեն միջազգային կառույցներում:
Կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: