27/03/2017 17:22
Ավստրիան առաջին անգամ ԻՊ-ի հետ կապերի համար դատապարտյալին զրկել է քաղաքացիությունից
Ավստրիական իշխանությունները քաղաքացիությունից զրկել են «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման գործունեությանը մասնակցելու համար դատապարտված ազգությամբ թուրք Յունուս Ֆ.-ին: Դա Ավստրիայում նմանատիպ առաջին դեպքն է, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Kurier թերթին:
Ինչպես նշում է պարբերականը, 2014 թվականի օգոստոսին Վիեննայի բնակիչ Յունուս Ֆ.-ն հեռացել է Ավստրիայից և մի քանի չեչենների հետ ձերբակալվել է սիրիական սահմանին ԻՊ-ի ահաբեկիչներին միանալու փորձի ժամանակ: Յունուս Ֆ.-ն եղել է ավտոմեքենայի ղեկին, որը խումբը տանում էր Սիրիա:
2015 թվականի հունիսին ահաբեկչական միավորմանն անդամակցության համար նրան դատապարտել են երեք տարվա ազատազրկման: Դատավճիռն ուժի մեջ է մտնել 2015 թվականի դեկտեմբերին: Սակայն դատապարտյալին քաղաքացիությունից զրկելու համար անհրաժեշտ է եղել ապացուցել, որ նա կպահպանի այլ երկրի քաղաքացիություն, այս դեպքում՝ թուրքական:
Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը հրահանգել է հետաքննություն իրականացնել և կարգավորել Յունուս Ֆ.-ի քաղաքացիության հարցը: Մարտի կեսին որոշում է կայացվել դատապարտյալին զրկել ավստրիական քաղաքացիությունից:
Հաղորդվում է, որ այժմ Յունուսին հավանաբար արտաքսում է սպասվում: