27/03/2017 13:55
Ճապոնիայում առնվազն ութ դպրոցական է զոհվել ձնահյուսի հետևանքով, ևս 37-ը տուժել են
Առնվազն ութ դպրոցական է զոհվել Ճապոնիայի Նասու քաղաքի (Տոտիգիի պրեֆեկտուրա) շրջանում լեռնադահուկային առողջարանում տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով: Այս մասին հայտնել է տեղի հրշեջ վարչությունը, որը կատարում է նաև փրկարական ծառայության գործառույթները, փոխանցում է ТАСС-ը:
Նշվում է, որ նրանք բոլորը գտնվում են «սրտի և թոքերի կանգի վիճակում», ինչպես Ճապոնիայում անվանում են կլինիկական մահը, որն ախտորոշել կարող են սոսկ բժիշկները, այլ ոչ թե փրկարարները: Բացի դրանից, հրշեջ վարչության տվյալով՝ ևս 37 մարդ տուժել է, նրանցից երկուսը հոսպիտալացված է ծանր վնասվածքներով: Ինչպես մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, Տոտիգիում տեղի ունեցած պատահարի պատճառով երկրի կառավարությանը կից ստեղծվել է արտակարգ շտաբ, որը կհամակարգի որոնողական աշխատանքները: Նաև նշվում է, որ պրեֆեկտուրայի իշխանությունները պահանջել են գործողությանը ներգրավել Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումները:
Ընդամենը ձնահյուսի պահին լանջին եղել է 63 մարդ: Խմբի մեջ էին մտնում Տոտիգիի յոթ տարբեր դպրոցների ավագ դասարանների աշակերտներ: Նրանք բոլորը պարապում էին ժայռամագլցման սեկցիանրում և հրահանգիչների ուղեկցությամբ մասնակցում էին լեռ բարձրանալու գործնական պարապմունքներին: