27/03/2017 19:42
Մոգերինի. Եվրամիությունը կարող է զբաղեցնել Վաշինգտոնի տեղը շատ հարցերում
Միջազգային գործերով և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կարծում է, որ Եվրամիությունը ստեղծված իրավիճակում կարող է առաջատար տեղ զբաղեցնել մի շարք միջազգային ոլորտներում, որտեղ Վաշինգտոնը կորցրել է իր դերը: Այս մասին նա հայտարարել է Messaggero թերթին տված հարցազրույցի ժամանակ:
«Հաստատելով միասնականությունը պահպանելու ցանկությունը՝ մենք ցրել ենք մեր գործընկերների կասկածները, Եվրամիությունը կշարունակի գոյություն ունենալ, և ոչ մեկ չի կարող վնասել այն ո՛չ դրսից, ո՛չ ներսից: Իրատեսական է, որ Եվրամիությունը հնարավորություն ունի առաջատար տեղ զբաղեցնել մի շարք միջազգային ոլորտներում, որոնց համար առաջատարի Վաշինգտոնի դերը սպառվել է: Դրանք են՝ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարը, համագործակցության եվրոպական մոդելների առաջխաղացումը՝ կոնֆլիկտային իրավիճակների լուծման հարցում, առևտուրը: Այժմ շատերն են ասում «Սկզբում Ամերիկան», մենք ևս ասում ենք «Սկզբում Եվրոպան», բայց մեր շահերը կառուցվում են համագործակցության և գործընկերության սխեմայով, մենք երբեք չենք լինի մեկուսացած Եվրոպա», - հավելել է Մոգերինին: