27/03/2017 20:30
Չինաստանը երկիր է վերադարձրել օտար երկրներում թաքնվող 2.500 կաշառակեր պաշտոնյայի
Չինաստանի իշխանությունները «Երկնային ցանց» արշավի շրջանակում 2014-2016 թվականներին արտասահմանից վերադարձրել են 2.566 կաշառակերի, որոնք փորձել են թաքնվել աշխարհի ավելի քան 90 երկրներում: Ընդ որում՝ երկիր հաջողվել է վերադարձնել նաև նրանց կողմից դուրս բերված 8,6 միլիարդ յուանը (125 միլիոն դոլար), հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով China Daily-ն:
Հաղորդվում է, որ 1.293 մարդ Չինաստան է վերադարձել՝ ինքնակամ ներկայանալով: Կաշառակերության համար մեղադրվող 410 անձ նախկինում եղել է Չինաստանի կոմունիստական կուսակցության անդամ՝ պետական ապարատում զբաղեցնելով տարբեր պաշտոններ:
Չինաստանի իշխանությունների հայտարարությունում նշվում է, որ «Երկնային ցանց»-ը «նպաստել է պաշտոնյաների փախուստը դադարեցնելուն»: Եթե 2014 թվականին երկրից փորձել է դուրս գալ 101 պետծառայող, ապա անցած տարի՝ ընդամենը 19:
Չինաստանի նախագահ Սի Ձինփինը 2012 թվականին իշխանության գալուց հետո բոլոր մակարդակներում մասշտաբային հակակոռուպցիոն արշավ է սկսել: