27/03/2017 18:02
Նախընտրական քարոզարշավի ավարտը՝ մարտի 31-ին. Որտե՞ղ և ինչպե՞ս են ավարտելու քարոզարշավը քաղաքական ուժերը
Մարտի 5-ին մեկնարկած ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավը, օրենքով նախատեսված կարգով, կավարտվի մարտի 31-ին, իսկ ապրիլի 1-ը համարվում է լռության օր։
Aysor.am-ը քաղաքական ուժերից հետաքրքրվել է՝ որտե՞ղ և ինչպե՞ս են ավարտելու նախընտրական քարոզարշավը։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը քարոզարշավը կավարտի մարտի 31-ին։
«Կուսակցությունը, օրենքով նախատեսված կարգով, քարոզարշավը կավարտի մարտի 31-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում», - Aysor.am-ին հայտնեցին ՀՀԿ-ից։
«Ծառուկյան» դաշինքը, ըստ ամենայնի, քարոզարշավը կավարտի վաղը։
«Վաղը մարզահամերգային համալիրում ունենք մեծ միջոցառում, որին նաև Գագիկ Ծառուկյանն է մասնակցելու, հանդիպում է լինելու ընտրողների հետ, այս պահի դրությամբ սա է պլանավորված», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Ազատ դեմոկրատները» մինչև վերջին օրն աշխատելու են։
«Քարոզարշավը մեզ համար ավարտվում է այն ժամանակ, երբ ավարտվում է պաշտոնապես հաստատված քարոզարշավը՝ այսինքն մինչև լռության օրը։ Մարտի 31-ին վերջին օրն է լինելու։ Յուրաքանչյուր թեկնածու լինելու է իր ընտրատարածքում, ինչ-որ մեծ միջոցառում չենք նախատեսել», - ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը։
Հայ հեղափոխական Դաշնակցությունը քարոզարշավն ավարտելու է Ազատության հրապարակում։
«ՀՅԴ-ն քարոզարշավն ավարտելու է մարտի 30-ին՝ Ազատության հրապարակում։ Ելույթներով հանդես կգան ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ու կուսակցության ցանկը գլխավորող Արմեն Ռուստամյանը», - Aysor.am-ին փոխանցեցին ՀՅԴ-ից։
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը վաղն Ազատության հրապարակում մեծ հանրահավաք է հրավիրում։
«Հանրահավաքով, սակայն, չենք սահմանափակվում, մինչև մարտի 31-ը Երևանում բակային հանդիպումներ ենք նախատեսում», -Aysor.am-ի հետ զրույցում ասաց «ՕՐՕ» դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը։
«ԵԼՔ»-ը վերջին երկու օրերն անցկացնելու է երևանցիների հետ հանիդիպումով։ «Քարոզարշավն ավարտելու ենք Երևանում՝ մարտի 31-ին », - ասաց «ԵԼՔ»-ի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը։
«Կոնգրես-ՀԺԿ» Դաշինքը քարոզարշավը կավարտի մարտի 29-ին»:
Քարոզարշավն ավարտելու ենք օրենքով սահմանված կարգով. մարտի 29-ին մեր հիմնական միջոցառումն է Ազատության հրապարակում՝ Խաղաղության երթը», - Aysor.am-ին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, դաշինքի 5-րդ համար Արամ Մանուկյանը։
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, նույնպես, քարոզարշավը կավարտի մարտի 31-ին։
«Ավարտելու ենք օրենքով նախատեսված կարգով, կարծում եմ՝ Երևանի փողոցներով երթ կկազմակերպենք», - փոխանցեց ՀԿԿ համամասնական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Վազգեն Սաֆարյանը։
Մարտի 31-ով իր քարոզարշավին վերջ կդնի նաև «Հայկական վերածնունդ» կուսակցությունը։
«Մեր նախընտրական վերջին հանդիպումը լինելու է մարտի 31-ին՝ Կառավարության նիստերի դահլիճում», - Aysor.am-ին փոխանցեց ՀՎԿ-ի մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը։