28/03/2017 10:46
Սեյրան Օհանյանը հակասում է ինքն իրեն. «Հայոց աշխարհ»
Անդրադառնալով ՕՐՕ դաշինքի լիդերների՝ երեկ հրավիրած մամլո ասուլիսին «Հայոց աշխարհը» գրել է. «Օհանյանը ձգտում էր այնպես ներկայացնել, որ Սամվել Բաբայանը այս դաշինքի գործունեությանն ուղղակիորեն չէր առնչվում, այլ, այսպես ասենք, պարզ համակիր է կամ նման կարգավիճակում։ Ամենևին համոզիչ չէր Սեյրան Օհանյանի շեշտադրումը։ Հիշեցնենք, որ հենց Սամվել Բաբայանն էր դաշինքի նախընտրական տարբերակում եղած «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանին ներկայացրել թեկնածուների ցուցակ, որին վերջինս չէր համաձայնել։ Ինչպես նա, այնպես էլ ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանը դրանից հետո դուրս եկավ հիշյալ դաշինքից։
Այստեղ նույնիսկ հարց էլ չի ծագում, քանի որ ակնհայտից էլ ակնհայտ է, որ որևէ համակիր կամ թեկուզ գաղափարակից ընկեր թեկնածուների ցուցակ համաձայնեցնելու կամ ներկայացնելու գործով չէր զբաղվի։ Դա, ավելի շուտ, տվյալ միավորման գլխավոր «ասողի» կամ որոշողի առաքելությունն է, որն էլ ստանձնել է Սամվել Բաբայանը։
Թեպետ հենց Սեյրան Օհանյանի երեկվա արտահայտություններն էլ հուշում են, որ Սամվել Բաբայանը պարզապես գաղափարակից գործընկեր չէ իրենց դաշինքի պարագայում։ Դեռ մի կողմ թողնենք Ջրառատի ու Էջմիածնի (սրա վերաբերյալ ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որից հետևում էր, որ «դեպքը» հորինված է) դեպքերը։ Եթե Սամվել Բաբայանը պարզ համակիր կամ գաղափարակցի դերում էր, ապա նրա հետ կապված քրեաիրավական գործընթացները ինչո՞ւ պիտի հարվածի ազդեցություն ունենային սույն դաշինքի համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: