28/03/2017 12:19
ВЦИОМ. 72%-ը դրական է գնահատում Կարեն Կարապետյանի ձևավորած կառավարությունը
Հանրային կարծիքի ուսումնասիրության Համառուսաստանյան Կենտրոնի (ВЦИОМ) հարցումները ցույց են տվել, որ թեև բնակչության մեծամասնությունը դժգոհ է երկրում ստեղծված իրավիճակից և տնտեսական զարգացման տեմպերից, սակայն հարցվողների մեծամասնությունը՝ 72%-ը, դրական են գնահատել Կարեն Կարապետյանի ձևավորած կառավարությունը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կենտրոնի տնօրեն Վալերի Ֆյոդորովը՝ ամփոփելով ընտրություններին ընդառաջ կենտրոնի անցկացրած երկրորդ հարցման արդյունքները:
Նրա խոսքով՝ Կարեն Կարապետյանի դրական իմիջը ամենաշատն է ազդում ՀՀԿ-ի վարկանիշի բարձրացման վրա՝ հանդիսանալով վարկանիշային թեկնածուներից հետո երկրորդ գործոնը։
Ֆյոդորովը նշեց, որ քարոզարշավի ընթացքում Կարեն Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի վարկանիշները գրեթե հավասարվել են: Հարցման արդյունքները ցույց են տվել, որ Կարեն Կարապետյանին աջակցություն է ցուցաբերում հարցվածների 84%-ը, Տարոն Մարգարյանին՝ 57%-ը, Վիգեն Սարգսյանին 39%-ը, Իսկ Գագիկ Ծառուկյանը վայելում է 87%-ի աջակցությունը, «Ելք» դաշինքից հանրության վստահությունն է վայելում Նիկոլ Փաշինյանը՝ 59%-ով:
Ֆյոդորովն ընդգծեց, որ «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող Իշխան Զաքարյանի նկատմամբ հասարակության վստահությունը մեծ չէ. նրան վստահում է 10%-ը:
Բացասական ցուցանիշներ ունի նաև «Ելք» դաշինքնի առաջին եռյակը եզրափակող Արամ Սարգսյանը, ում չի վստահում հարցվածների 43 տոկոսը:
«Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանին վստահում է 18 տոկոսը, մինչդեռ կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանին աջակցություն է հայտնել հարցվածների 51 տոկոսը: Մնացած քաղաքական ուժերի առաջնորդները ևս չեն վայելում հասարակության վստահությունը:
Կազմակերպության անցկացրած հարցումները ցույց են տվել, որ ընտրողների մեծամասնությունը՝ 79%-ը, ուղղորդվելու է թեկնածուի անձով, այլ ոչ թե նրա՝ այս կամ այն կուսակցությանը հարելու հանգամանքով:
«Իդեալական թեկնածուն բանակցելու ունակությամբ երիտասարդ ռեֆորմատորն է, ինչպիսին հարցվողները ամենից շատ տեսնում են գործող վարչապետ Կ.Կարապետյանին», - հավելեց Ֆյոդորովը: