28/03/2017 12:51
Դպրոցների տնօրենների ձայնագրությունների գործով բարձրացված աղմուկը միտումնավոր հակաքարոզչություն էր ՀՀԿ-ի հանդեպ. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորման» կայքի կողմից հրապարակված «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում. ձայնագրություններ» նյութին, ասաց, թե այս հարցին չի պատասխանի որպես նախկին կրթության և գիտության նախարար։
«Ոչ թե այն պատճառով, որ ասելիք չունեմ, այլ որ իմ պաշտոնանկությունից առ այսօր զերծ եմ մնացել այդ ձևաչափով լրատվամիջոցների հետ շփումից», - ասաց Արմեն Աշոտյանն ու նշեց, որ տեղի ունեցածին կարող է տալ քաղաքական և իրավական գնահատական։
Նրա խոսքով՝ իրավական պետություն կառուցելու ճանապարհին հանրային գնահատական պետք է տալ բացառապես այն դեպքում, եթե դրա համար կա իրավական հիմք։
«Մարդկանց, ովքեր փորձում են պիտակներ կպցնել, կհորդորեի սպասել իրավական ատյանների գնահատականներին։ Իրավական տեսակետից մենք ունենք նաև մեր հակափաստարկները, այդ կառույցը, որը գնահատված է որպես անկախ դիտորդական կազմակերպություն, մեր գնահատականով 1400 դպրոցների տնօրեններից իրենց հետազոտության համար թիրախավորել էին բացառապես «Հանրապետական» տնօրեններին։ Կարծում եմ, որ սա ակնհայտ միտումնավոր հակաքարոզչություն է», - ասաց Արմեն Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահն ասաց, որ լսել է տասնյակ ձայնագրություններ և կարող է փաստել, որ իր լսած ձայնագրությունների մեջ կան բազմաթիվ դեպքեր, որտեղ օրենքի խախտման գնահատական ընդհանրապես չկա։
«Սա միակողմանի, ուղղորդված հակաքարոզչություն էր։ Իրավական մարմինները կտան համապատասխան գնհատական և խախտումներ իրականացրած տնօրենները կկրեն իրենց պատիժը», - նկատեց Արմեն Աշոտյանը։