28/03/2017 19:56
Լավրովն ասել է, թե ինչ է անհրաժեշտ Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկխոսության համար
Ռուսաստանին ու ԱՄՆ-ին կհաջողվի առողջ հարաբերություններ ձեռք բերել, եթե միայն Վաշինգտոնը Մոսկվային ընդունի որպես իրավահավասար գործընկերոջ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը` «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում, փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք բաց ենք նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ աշխատելու հարցում` հարաբերությունների առողջացման համար: Սակայն դա կհաջողվի ձեռք բերել, եթե միայն Վաշինգտոնում գործնականում հաշվի առնեն մեր ազգային շահերը, Ռուսաստանին որպես իրավահավասար գործընկերոջ ընդունեն», - ասել է Լավրովը:
Նա հիշեցրել է, որ Թրամփի նախընտրական կարգախոսն էր «Ամերիկան նորից դարձնենք հզոր»:
«Մենք դրա դեմ ոչինչ չունենք և չենք էլ կարող ունենալ` պայմանով, որ դրված նպատակի իրականացումը այլ երկրներին վնաս չի ենթադրում», - ընդգծել է Լավրովը:
«Վստահ եմ, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր է կառուցողական երկխոսություն` ցանկացած երկկողմանի ու միջազգային հարցերի շուրջ, եթե այն կառուցվի իրավահավասարության, իրական հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու ոգով` առանց շանտաժի և կամք պարտադրելու փորձի: Դա ձեռք բերելը հեշտ չէ: Բայց, ինչպես նշել է նախագահ Վլադիմիր Պուտինը, մենք պատրաստ ենք անցնել ճանապարհի մեր ուղին», - ասել է նա: