28/03/2017 14:31
ՖԻՖԱ-ն կարող է որակազրկել Մեսիին մրցավարին վիրավորելու համար
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) կարող է որակազրկել Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին, փոխանցում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տարածվել էր տեղեկություն, որի համաձայն՝ ֆուտբոլիստը Չիլիի ազգային հավաքականի հետ հանդիպման (1:0) ժամանակ վիրավորել է մրցավարներից մեկին: Երբ տեղեկությունը հասել է ՖԻՖԱ-ին, այն Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայից (AFA) բացատրություն է պահանջել: AFA-ն իր հերթին նշել է, որ նման պնդման համար որևէ փաստարկ չի տեսնում: Այնուհետև ՖԻՖԱ-ն դիմել է խաղի ժամանակ աշխատած մրցավարներին թիմին, որի անդամների խոսքով՝ Մեսիի կողմից որևէ վիրավորանք չի հնչել:
Այնուհանդերձ, ՖԻՖԱ-ն արգենտինական կողմին նախազգուշացրել է, որ կարող է որակազրկել Մեսիին նույնիսկ այն դեպքում, երբ մրցավարները չեն հաստատել նրա կողմից վիրավորանք հասցնելու մեղադրանքը: