28/03/2017 14:39
Հրաշք տեղի չի ունենա, և մահացած անձինք ընտրության չեն գա. Մնացական Բիչախչյան
Խորհրդարանական ընտրություններից առաջ ընտրողների ցուցակից 2000 մահացած անձանց անուններ են հեռացվել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
Նրա խոսքով, նախորդ ընտրություններում ընտրացուցակներում հայտնաբերված մահացած անձանց թիվը 5000 է եղել:
«Հրաշք տեղի չի ունենա, և նրանք ընտրության չեն գա», - ասաց պաշտոնյան՝ ընտրություններին մահացած անձանց մասնակցության մասին լուրերը անհեթեթ համարելով:
Նա բացատրեց, որ ընտրական ցուցակներում մահացած անձանց անուններ լինում են այն դեպքում, երբ անձը մահացել է այլ պետությունում, և մահը գրանցված չէ սահմանված կարգով:
«Մարդու մահվան մասին տեղեկությունը մենք չենք ստանում, որտեղի՞ց իմանա ռեգիստր վարող մարմինը, որ մահացած անձի տվյալ է հայտնաբերվում: Հարազատները երբ տեսնում են ընտրացուցակում կա իրենց մահացած հարազատի անունը, պետք դիմեն անձնագրային և վիզաների վարչության տարածքային բաժին և խնդրեն հանել նրան ընտրացուցակից», - ասաց վարչության պետը:
Մ.Բիչախչյանը տեղեկացրեց, որ տարբեր շահարկումներից խուսափելու համար ոստիկանության տեղամասային տեսուչները Հայաստանի տարբեր մարզերում շրջայց են կատարել բնակարաններ, ինչի արդյունքում մինչ այժմ 2000 մահացած անձի տվյալ է հայտնաբերվել: