28/03/2017 16:55
Չինաստանը Ֆրանսիային բողոք է ներկայացրել ոստիկանի կողմից իր քաղաքացու սպանությունից հետո
Չինաստանը Ֆրանսիային բողոք է ներկայացրել Փարիզում ոստիկանի կողմից Չինաստանի քաղաքացու սպանությունից հետո: Երեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյին, փոխանցում է РИА Новости-ն:
Նա հաստատել է, որ մարտի 26-ին Փարիզում ոստիկանը գնդակահարել է Չինաստանի քաղաքացուն:
«Չինաստանի ԱԳ նախարարությունը տեղի ունեցածին մեծ նշանակություն է տալիս: Միջադեպից անմիջապես հետո գերատեսչությունը Ֆրանսիայում Չինաստանի դեսպանատնից պահանջել է արտակարգ իրավիճակների դեպքում ակտիվացնել գործողությունների մեխանիզմը և ֆրանսիական կողմին բողոք է ներկայացրել», - ասել է նա:
Հուա Չունյինի խոսքով՝ չինական կողմը Ֆրանսիայից նաև պահանջել է ֆրանսիական տարածքում Չինաստանի քաղաքացիների անվտանգության և օրինական իրավունքների արդյունավետ միջոցառումներ ձեռնարկել:
«Չինաստանի ԱԳՆ-ի համապատասխան դեպարտամենտի ներկայացուցիչն այսօր կհանդիպի Չինաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչների հետ, որ հայտարարություն կատարի: Մենք շարունակում ենք հետևել իրավիճակի զարգացմանը», - հավելել է Չունյինը:
Ավելի վաղ Parisien-ը հաղորդել էր, որ մկրատով զինված տղամարդը հարձակվել է ոստիկանի վրա և գնդակահարվել նրա գործընկերոջ կողմից: Ոստիկանության տվյալներով՝ իրավապահը միայն մեկ անգամ է կրակել, սակայն դիպել է հարձակվողի կրծքավանդակին, և նա մահացել է: Ավելի ուշ Ֆրանսիայում Չինաստանի դեսպանատունը հայտարարել է, որ սպանվածը Չինաստանի քաղաքացի էր: