28/03/2017 17:52
Ինչպե՞ս էին ամերիկացիները հայկական եռագույն փնտրում՝ ՀՀ նախագահի՝ ԱՄՆ առաջին այցին ընդառաջ
Այսօր` հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առիթով կազմակերպված միջոցառմանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հիշեց` ինչպես է հարաբերությունների հաստատումից հետո տեղի ունեցել ՀՀ նախագահի առաջին այցը Վաշինգտոն:
«Այդ ժամանակ ես պետքարտուղարությունում հայաստանյան հարցերով պատասխանատուն էի: Հիշում եմ` Հայաստանի նախագահի այցի նախորդ օրն էր` երեկոյան ժամը վեցն, ու ամեն բան նախապատրաստված էր: Հանկարծ զանգ ստացա պետքարտուղարի գրասենյակից և ինձ ասացին`«պարոն Միլս, դուք վաղվա այցի պատասխանատուն եք, և պետքարտուղարը ցանկանում է տեղեկանալ, թե Հայաստանի դրոշի գույները որո՞նք են»:
Ես ասացի` կարմիր, կապույտ, ծիրանագույն: Զանգահարողն արձագանքեց` «այո՛, պետքարտուղարն էլ է այդպես կարծում, բայց դրոշը, որը տեղադրված է պետքարտուղարության ընդունելությունների սրահում, կարմիր, կապույտ, դեղին է: Մենք պետք է հասցնենք մինչև վաղվա առավոտը փոխենք այն` դա ձեզ համար խնդի՞ր է»: Ես, բնականաբար, ասացի`ոչ մի խնդիր, ու դնելով խոսափողն՝ անհանգստացա. մենք լուրջ խնդիր ունենք», - կատակելով պատմեց Ռիչարդ Միլսը:
Դեսպանի խոսքով` իրավիճակը հարթելու հարցում իրենց շատ օգնեց Միացյալ Նահանգներում հայկական եկեղեցին:
«Արագ մտածեցի` ի՞նչ անեմ, զանգահարեցի Վիրջինիայում հայկական եկեղեցի և հարցրեցի` «դուք ունե՞ք հայկական դրոշ, որի գույները կարմիր, կապույտ ու իսկապես նարնջագույն են»: Քահանան ասաց. «Իհարկե, ունենք և պետքարտուղարությանն այն տրամադրելը մեծ պատիվ կլինի»: Այդ օրը երեկոյան՝ ժամը 9-ին, մեքենայով ուղևորվեցինք Վիրջինիա և վերցրեցինք այդ դրոշը: Եվ հիմա իրական պետական գաղտնիք եմ բացում` բարեհամբույր քահանան մի պահ կասկածել էր` արդյոք դրոշն իսկապես վառ նարնջագույն է, վերցրել էր նարնջագույն մարկերն ու ամբողջությամբ ներկել այդ հատվածը», - պատմեց Ռ. Միլսը` շարունակելով.
«Այս պատմության ավարտն այն էր, որ ՀՀ նախագահի այցի հաջորդ օրը «The Washington Post»-ում հրապարակվեց մի հոդված, որը պատմում էր Հայաստանի նախագահի առաջին հանդիպման մասին պետքարտուղարությունում, և հոդվածը սկսվում էր այս տողերով` «Հայաստանի նախագահը և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները հանդիպեցին կարմիր, կապույտ և շատ վառ նարնջագույն դրոշի ֆոնին»: