28/03/2017 15:29
Սամվել Բաբայանի հետ կալանավորված Սանասար Գաբրիելյանի մեղադրանքը հերքող ապացույցներ կան
Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ «Իգլա»-ի գործով կալանավորվածներից մեկը նրա մարտական ընկերն է՝ Սանասար Գաբրիելյանը, որը նույնպես չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այդ մասին Aysor.am-ին տեղեկացրեց Գաբրիելյանի փաստաբան Կարեն Աղաջանյանը:
Փաստաբանը տեղեկացրեց, որ ինքը մարտի 27-ին բողոքարկել է Գաբրիելյանին կալանավորելու մասին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ նրան երկու ամսով կալանավորելու մասին:
«Իմ պաշտպանյալը երբեք չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: Մեր կարծիքով, չպատճառաբանված մեղադրանք է: Մեծ պատրաստակամությամբ, մեծ հաճույքով կարող եմ իմ պաշտպանյալի մեղադրանքը հերքող ապացույցներ ներկայացնել, բայց քանի որ զգուշացված եմ նախաքննական գաղտնիք չհրապարակելու համար, այդ պատճառով չեմ կարող մանրամասներ հայտնել», - ասաց փաստաբանը՝ պնդելով, որ առաջադրված մեղադրանքի հետ իր պաշտպանյալը կապ չունի:
Ներկայացնելով իր պաշտպանյալին՝ Աղաջանյանն ասաց, որ նա Արցախյան ազատամարտի մասնակից է, բայց քաղաքական դեմք չի, ապրել, գործունեություն է ծավալել Ռուսաստանում, այնտեղ փայտամշակման ձեռնարկություն ունի և նույնիսկ ֆինանսական միջոցներով օգնել է Հայաստանին:
«Հայրենասեր անձնավորություն է, քաղաքականության հետ երբեք կապ չի ունեցել: Մասնակցել է նաև ապրիլյան պատերազմին: Գիտեմ, որ Բաբայանի հետ ծանոթներ են, բայց ինչ աստիճանի մտերմություն է իրենց միջև, տեղյակ չեմ», - ասաց փաստաբանը:
«Իգլա»-ի գործով կալանավորված երրորդ անձին Աղաջանյանն ասաց՝ չի ճանաչում: Բայց իր տեղեկություններով, կալանավորված երրորդ անձը նույնիսկ փաստաբան չունի:
Կարեն Աղաջանյանը նաև ասաց, որ այս քրեական գործով նույնիսկ վարկած չկա, որ ծրագրվել է նախագահի ուղղաթիռը խոցել. «Ինձ զարմացնում է այն, թե որտեղից են վերսիաներ հայտնվում նախագահի ուղղաթիռը խոցելու հետ: Քրեական գործում նման վերսիա չի էլ քննարկվում: Չեմ կարողանում պատկերացնել, թե որտեղից է նման ինֆորմացիա տարածվում»:
Նշենք, որ Գաբրիելյանին առաջադրվել են նույն մեղադրանքները, ինչ Սամվել Բաբայանին՝ ՀՀ Քրեական օրենսգրիք 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը» և 235.1. հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «Նախնական համաձայնությամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների մաքսանենգությունը»:
Այս մեղադրանքով պատիժը քրեական օրենսգրքով սահմանվում է ազատազրկում երկուսից վեց տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ: