28/03/2017 10:12
Վարչապետի հանձնարարականի հետքերով. ՊԵԿ-ը համագործակցության է հրավիրում բարեխիղճ տնտեսվարողներին
2017 թվականի փետրվարի 2-ի կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին լիազորված տնտեսական օպերատորի վերաբերյալ հանձնարարական էր տվել՝ նշելով, որ մինչև այժմ ոչ մի լիազորված տնտեսական օպերատոր չի հաշվառվել:
Նա հանձնարարել էր երկու ամսից զեկուցել, թե քանի լիազորված տնտեսական օպերատոր է հաշվառվել: «Երկու ամսյա ժամկետում ակտիվ իրականացնել հանրության իրազեկում», - շեշտել էր վարչապետը:
Aysor.am-ը ՊԵԿ-ից հետաքրքրվել է, թե մինչև այժմ ի՞նչ առաջարկություններ է կոմիտեն ներկայացրել խնդրի հստակ կարգավորման հետ կապված, քանի՞ լիազորված տնտեսական օպերատոր է հաշվառվել և ինչպե՞ս է իրականացվում հանրության իրազեկումը։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Aysor.am-ին փոխանցեցին, որ ԵՏՄ մաքսային օրենսգրքի 41-րդ, 42-րդ հոդվածներով և «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով լիազորված տնտեսական օպերատորի համար նախատեսված են պարզեցված ընթացակարգեր, մասնավորապես` ԼՏՕ շինություններում, բաց հրապարակներում և այլ տարածքներում ապրանքների ժամանակավոր պահպանություն, ապրանքների բացթողում մինչև մաքսային հայտարարագիր ներկայացնելը, մաքսային մարմիններին նախնական տեղեկությունների տրամադրում, այդ թվում` ապրանքների բացթողնման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացում լիազորված տնտեսական օպերատորի շինություններում, բաց հրապարակներում և այլ տարածքներում:
«Լիազորված տնտեսական օպերատորի համար Մաքսային միության օրենսդրությամբ սահմանված են այլ պարզեցված հատուկ ընթացակարգեր», - հայտնեցին կոմիտեից։
Aysor.am-ին ՊԵԿ-ից հայտնեցին, որ Վարդան Հարությունյանի հրամանով սահմանվել են լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի տրամադրման համար անվտանգության առումով ռիսկային չհամարվող երկրների չափանիշները, որոնք ներկայացվել են Արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
«ՊԵԿ-ը համագործակցության է հրավիրում բարեխիղճ տնտեսվարողներին, որոնք մաքսային մարմնի գործընկերոջ կարգավիճակ կստանան՝ օգտվելով մաքսային ձևակերպումների և հսկողության գործընթացներում տարատեսակ պարզեցումներից», - հավելեցին ՊԵԿ մամուլի ծառայությունից։