28/03/2017 14:28
Վլադիմիր Գասպարյանի փեսայի համար ոստիկանությունում անձնագրային տվյալներ չեն հավաքագրվում. Պաշտոնյա
«Ոստիկանության պետի փեսայի համար ոստիկանության համակարգում անձնագրային տվյալներ չեն հավաքագրվում, համենայնդեպս, ես նման բան երբեք չեմ լսել: Այս համակարգը ես եմ ղեկավարում և՛ իմ, և՛ մեր վարչության կողմից ոչ մի անձնագրային տվյալ երբեք չի տրամադրվել», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վիզաների և անձնագրային վարչության պետ Մնացական Բիչախչյանը՝ հերքելով մեր տեղեկությունները, թե Վլադիմիր Գասպարյանի փեսայի՝ Արթուր Գևորգյանի համար ոստիկանների շրջանում անձնագրային տվյալների հավաքագրում է կատարվում:
Նշենք, որ Արթուր Գևորգյանը, ով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է, Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով առաջադրվել է Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում: Օրեր առաջ Aysor.am-ը տեղեկություններ էր ստացել, որ ոստիկանության ծառայողներից պահանջում են ներկայացնել անձնագրային տվյալներ՝ «Արթուր Գևորգյանի համար»:
«Ոստիկանությունում նման բնույթի ներքին հրահանգ և առավել ևս արտաքին հրահանգ չի եղել», - ասաց պաշտոնյան:
Անձնագրային տվյալների հավաքագրման մասին խոսելիս Բիչախչյանն ասաց, որ անհնար է ուրիշի անձնագրով քվեարկել: «Ես չգիտեմ՝ ով, ումից, ինչ անձնագրային տվյալ է պահանջում: Եթե պահանջում են, նախ թող իրենց անձնագրային տվյալը չտան: Նման թյուր կարծիք, որ ուրիշի անձնագրային տվյալով գնան ընտրության, ուղղակի կարելի է ասել սին կարծիք է, չի համապատասխանում իրականությանը», - ասաց Բիչախչյանը:
Նրա խոսքով՝ անձը հաստատող փաստաթղթով ընտրողը մինչև քվեարկելը մի քանի փուլ է անցնում, որի ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները կարող են տարբեր միջոցներով պարզել նրա ինքնությունը: