28/03/2017 12:26
«Irava-Tech»-ը կարող է դառնալ լուրջ ստարտափ՝ վերհանելու Հայաստանում եղած անհավանական հարուստ ռեսուրսները. Մեկնարկել է առաջին իրավատեխնոլոգիական համաժողովը
Հայաստանի համար զարգացման ուղին տեխնոլոգիաներն ու էլեկտրոնային լուծումներն են, Հայաստանում «Լույս» հիմնադրամի նախաձեռնած առաջին իրավատեխնոլոգիական Irava-Tech (ԻրավաՏեկ) համաժողովին հայտարարեց Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
«Եվ՛ գաղափարը, և՛ անվանումը շատ տպավորիչ են: Ասեմ, թե ինչու ենք այստեղ. մենք համոզված ենք, որ Հայաստանի զարգացման ճանապարհը մեր մտավոր ներուժի զարգացումն ու պատշաճ օգտագործումն է: Համաշխարհային տնտեսության զարգացման արդի շրջանում Հայաստանի համար զարգացման ուղին նորակական գաղափարներն են, տեխնոլոգիաներն ու էլեկտրոնային լուծումները», - նշեց նախարարի տեղակալը:
Նրա խոսքով՝ ԱՆ-ն իր առջև խնդիր է դրել ապահովել տեխնոլոգիական զարգացմանը համահունչ իրավական դաշտ:
«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը նշեց, որ հիմնադրամի շրջանակներում բոլոր նրանք, ովքեր ստացել են կրթաթոշակներ և սովորել են արտերկրի լավագույն համալսարաններում, պարտավոր են կիրառել իրենց ձեռք բերած գիտելիքները Հայաստանում:
Նրա խոսքով՝ «Irava-Tech» (ԻրավաՏեկ)-ը, որը կազմակերպել են հենց «Լույս» հիմնադրամի շրջանակներում կրթություն ստացած ուսանողները, կարող է դառնալ լուրջ ստարտափ, որը կօգնի վերհանել Հայաստանում եղած անհավանական հարուստ ռեսուրսները:
Հիմնադրամի տնօրենը միջոցառմանը համահունչ մեջբերեց ԱՄՆ-ի նախագահ Թոմաս Ջեֆերսոնի խոսքերը. «Օրենքները և ինստիտուտները պետք է մարդկային մտքի առաջընթացի հետ ձեռք ձեռքի տված ընթանան»:
Նշենք, որ «Irava-Tech» (ԻրավաՏեկ)-ը տևելու է մարտի 28-29-ը, որի ընթացքում միջազգային մասնագետների կողմից անցկացվելու են տեխնոլոգիական ընկերությունների համար հարկային արտոնությունների սահմանում, տվյալների գաղտնիության ապահովում, արտոնագրային իրավունքի իրացում և արտոնագրման գործընթաց և ֆինանսավորման արդյունավետ աղբյուրների հայթայթում թեմաների շուրջ սեմինարներ և ինտերակտիվ դասախոսություններ: