29/03/2017 13:54
Ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող հարցերը Հայաստանում միանձնյա չեն ընդունվում. Ալեքսանդր Իսկանդարյան
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկադարյանը համոզված է, որ ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող հարցերը կամ խնդիրները քննարկվում ու լուծվում են ոչ թե միանձնյա, այլ որոշակի խմբի կողմից։
«Հայաստանը ճիշտ է, Շվեյցարիա չէ, բայց նաև Ադրբեջանը չէ, և ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող հարցերը միայն մեկ անձի կողմից չեն ընդունվում։ Դրանք քննարկվում են վերնախավում՝ փոքր շրջանակում, և հետո միայն ընդունվում», - այսօր անվտանգության և արտաքին քաղաքականության թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքագետը։
Նրա խոսքով, եթե, օրինակ, վաղը Սերժ Սարգսյանը կամ մեկ ուրիշ նախագահ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ միանձնյա որոշում ընդունեց, ապա այդ փոքր շրջանակի վերնախավի կողմից դա չի ընդունվի։ Արդյունքում, ըստ քաղաքագետի, կկատարվի այն, ինչ եղավ 1998-ին, երբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։