29/03/2017 10:20
Եթե «միջազգային հանրությունը» մեր վզին Ղարաբաղի խնդրի որևէ լուծում փաթաթի` դա խաղաղության չի բերի. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է.
«Բանավեճում պարզապես սեփական կարծիքն ասելը թվում է թույլ ու անհամոզիչ։ Այ, բացահայտել համաշխարհային դավադրություն, որի մասնիկն է քո ընդդիմախոսը՝ դա արդեն քո փաստարկները դարձնում է անբեկելի։ Դրա համար բուն ասելիքի վրա չարժե կենտրոնանալ, կարևորը «պատվիրատուին», «ուղարկողին» գտնելն է, և դրանից հետո կարելի է փաստարկներ չբերել։
Իսկ ինչո՞ւ չենթադրել, որ առաջին նախագահը պարզապես սխալվում է։ Ընդ որում, նսեմացնելով ժողովուրդների գործոնը ՝ նա սխալվում է ոչ թե այս պահը նկարագրելիս, որովհետև այսօրվա վիճակում հայերն ու ադրբեջանցիներն իսկապես չեն կարող լուծել Արցախի հարցը, ինչպես չեն կարող ձևավորել քաղաքացիական իշխանություն և չեն կարող արդիականացնել իրենց երկրները։ Չեն կարող և չեն ուզում։
Բայց սկզբունքային սխալն այն է, որ եթե «միջազգային հանրությունը» մեր ժողովուրդների վզին որևէ լուծում փաթաթի (կարևոր չէ՝ որքանով հայանպաստ կամ ադրբեջանանպաստ)՝ դա խաղաղություն չի բերի, դա կբերի նոր բախումների և նոր թշնամանքի։ Այնպես որ, Արցախի խնդիրն ի վերջո կլուծեն հայերն ու ադրբեջանցիները՝ այն ժամանակ, երբ լիարժեք, ժամանակակից պետություններ ունենան»: