29/03/2017 18:58
20 տարվա աղբը փորձեցինք 20 օրվա ընթացքում մաքրել. Արամ Մանուկյանը ամփոփեց քարոզարշավը
ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի առաջարկած նախընտրական ծրագիրը ի սկզբանե միանշանակ չընդունվեց, մինչդեռ, ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության մամուլի քարտուղար Արամ Մանուկյանի կարծիքով, քարոզարշավի ժամանակ ծրագիրը հաջողվեց հասանելի դարձնել հասարակությանը:
«Երբ դեկտեմբերի 17-ին մեր թեզն առաջին անգամ հռչակվեց, մենք ոչ այնդքան հարմար վիճակում հայտնվեցինք: Մեզ վրա հարձակումներ, պիտակներ կպցրին, ինչ ասես եղավ, բայց մենք համառորեն 20 տարվա աղբը փորձեցինք 20 օրվա ընթացքում մաքրել և բավականաչափ բան հասցրինք անել, որի համար շատ ուրախ եմ», - ասաց նա:
Ա. Մանուկյանն ընդգծեց, որ թեև դաշինքը ոչ բոլոր համայնքներում հասցրեց լինել, բայց դաշինքի յուրաքանչյուր խումբ 70 հանդիպում անցկացրեց:
«Ես ու պարոն Դեմիրճյանը 20 օր 3000 կմ պտտվել ենք և զրուցել ժողովրդի հետ: Մարդիկ հասկացան ու ընկալեցին մեր ծրագիրը ու դարձան մեր քարոզիչները», - հավելեց նա:
Խոսելով սոցհարցումների արդյունքներից, որոնց համաձայն դաշինքը չի հաղթահարում անցողիկ շեմը, Արամ Մանուկյանն ասաց, որ դրանք պատվիրված հարցումներ են և իրականությանը չեն համապատասխանում:
«Մեր դինամիկան գնալով բարձրացել է: Հարցումները սուտ են, կերած փողերը «մուֆտա» են գնալու», - նշեց Ա. Մանուկյանը:
Ելույթներից հետո սկսվեց խաղաղության քայլերթ, որով էլ նախատեսված է ավարտել հանրահավաքը: