29/03/2017 19:06
Կոալիցիա կազմելը հո միջանձնային հարաբերություն չի՞. Արտակ Զաքարյան
Նախընտրական քարոզարշավի ընթացքում, ԱԺ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի կարծիքով, լավ կլիներ, որ քաղաքական ուժերը Հայաստանի անվտանգության ու արտաքին քաղաքականության վերաբերյալ ներկայացնեին իրենց պատկերացումները:
«Հիմա շատ ենք լսում, որ քաղաքական ուժերն ասում են՝ երբեք էս մեկի, էն մյուսի հետ կոալիցիա չեմ կազմի, կոալիցիա կազմելը հո միջանձնային հարաբերություն չի՞ կամ ճաշակի ձևավորման խնդիր չի՞: Մինչդեռ հաշվի պետք է առնել, որ կարող է լինեն այնպիսի իրավիճակներ, որ երազում չէինք կարող տեսնել, մենք չգիտենք, թե ինչ սպառնալիքներ են մեզ սպասում», - այսօր անվտանգության և արտաքին քաղաքականության թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Զաքարյանը:
Պատգամավորի խոսքով՝ կարևոր է, որ գոնե անվտանգության հարցերում քաղաքական ուժերը իրենց պատկերացումները հայտնեին նախընտրական քարոզարշավի ժամանակ, ինչը տեղի չունեցավ և դժվար թե առաջիկա մի քանի օրում տեղի ունենա:
Իշխանական պատգամավորն ասաց, որ ապագայում քաղաքական միակ ու կարևոր ամբիոնը լինելու է խորհրդարանը, հետևաբար կարևոր է ունենալ այնպիսի խորհրդարան, որը «քաղաքական կամքի ճիշտ դրսևորումներ կցուցաբերի պետության գլխավոր խնդիրների վերաբերյալ»:
«Ես վստահ չեմ, որ առաջին իսկ խորհրդարանը դրան պատրաստ կլինի, բայց վստահ եմ մի բանում՝ առանցք համարվող քաղաքական ուժը կամ ուժերը շարունակելու են իրենց պատասխանատվությունը անվտանգությանը վերաբերող հարցերը որպես կարևոր դիտարկել», - ասաց Զաքարյանը: