29/03/2017 12:16
Կուսակցությունների խոստացած նվազագույն աշխատավարձի բարձրացումը կչեզոքացվի գնաճի հետևանքով. Գագիկ Վարդանյան
Քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում առաջ քաշված տնտեսական դրույթներում կան ռացիոնալ մասեր, բայց գործնականում դրանցից ոմանք հնարավոր չէ կյանքի կոչել, այս կարծիքին է տնտեսագետ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը:
Aysor.am-ի թղթակիցը քաղաքական ուժերի տնտեսական որոշ խնդրահարույց դրույթների շուրջ զրուցել է Գագիկ Վարդանյանի հետ:
- Պարոն Վարդանյան, ՀՎԿ կուսակցությունը խոստանում է ավանդների ամբողջական վերադարձ՝ ներառյալ ավանդատուների ժառանգների փոխհատուցում: Այս դրույթը հնարավո՞ր է կյանքի կոչել:
- Ավանդների ամբողջական վերադարձ իրականում հնարավոր չէ: Ավանդների իրական գումարը 1991 թվի դրությամբ 8,5 մլրդ դրամ է եղել, որն այն ժամանակվա պետական փոխարժեքով մոտ 10 մլրդ դոլար էր կազմում: Հետևաբար, եթե խոսում ենք ամբողջական վերադարձի մասին, ապա պետք է ժողովրդին 10 մլրդ դոլար վերադարձնենք, ինչն, իհարկե, պետությունը չի կարող անել: Այն ժամանակ դոլարի շուկայական արժեքն այլ էր՝ 3 ռուբլին 1 դոլար էր, միգուցե առաջարկվեր այդպես, բայց դրամական ձևով փոխհատուցելու առաջարկն իրատեսական չէ:
- Կուսակցությունը նաև խոստանում է արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծում ու վերագործարկում: Սրա համար կա՞ն անհրաժեշտ մեխանիզմներ:
- Այլևս խոսել գործարանների վերագործարկման մասին անիմաստ է, որովհետև դրանց թողարկած արտադրանքը ոչ մեկին պիտանի չի լինի: Ինչ վերաբերում է նոր սարքավորումներով «Վանաձոր քիմպրոմն» ու «Նաիրիտը» վերագործարկելուն, ապա ասեմ՝ ես ինքս նաիրիտցի եմ, աշխատել եմ այնտեղ ու գիտեմ՝ ինչ բարդ տեխնոլոգիա է: Ժամանակին այն մեծ երկրի, մեծ տնտեսության ձեռնարկություն է եղել, և եթե այն ժամանակին չկանգնեցվեր, ապա այսօր «Նաիրիտը» բավական լուրջ լոկոմոտիվ կլիներ մեր տնտեսության համար, բայց նոր սարքավորումներով «Նաիրիտը» հնարավոր չէ վերագործարկել, այն պետք է հիմնովին վերակառուցել:
- Կուսակցությունը պնդում է, որ նվազագույն աշխատավարձը հնարավոր է բարձրացնել և դարձնել մինչև 100 000 դրամ: Սա իրատեսակա՞ն եք համարում:
- Իրատեսական չէ, որովհետև նվազագույն աշխատավարձի բարձրացումը նախատեսում է 142 000 -143 000 դրամի չափով աշխատավարձի հաշվարկում, իսկ 55 000-ի դեպքում ընկերությունը 72 000-ից ավելի է հաշվարկվում, որպեսզի աշխատողը ստանա մաքուր 55 000 դրամ աշխատավարձ: Դա արտադրանքի, ծառայությունների ինքնարժեքի և սակագների բարձրացման է բերելու: Այն հավելումը, որ լինելու է ի դեմս այս առաջարկի, նշանակալիորեն կչեզոքացվի գնաճի հետևանքով:
- Շատ կուսակցություններ խոսում են նաև գազի, էլեկտաէներգիայի, ոռոգման ջրի սակագների իջեցման մասին, այս առաջարկները հիմնավո՞ր եք համարում:
- Ցածր սակագները չեն խոսում տնտեսության առողջ լինելու և դրա զարգացվածության մասին: Հիմնականում աղքատ երկրներում են սակագները նշանակալի ցածր, այն պարզ պատճառով, որ գնողունակություն չկա: Սակագների իջեցման ճանապարհներից մեկը նոր տեխնոլոգիաների ներդրումն է:
- «Ծառուկյան» դաշինքը խոստանում է բարձրացնել նվազագույն կենսաթոշակը՝ դարձնելով 25 հազար դրամ, դրան զուգահեռ էլ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքն առաջարկում է վերացնել կուտակային կենսաթոշակային համակարգը: Ինչպե՞ս եք վերաբերում այս առաջարկներին:
- Կենսաթոշակի գործող համակարգը խորհրդային միությունից գործող համակարգ է. առաջարկվող 25 հազարի բարձրացումը շուրջ 12 մլրդ լրացուցիչ հատկացում է պահանջում պետբյուջեից: Կենսաթոշակների ֆինանսավորման համակագը սպառել է իրեն, և նման բարձրացման համար այդքան ռեսուրս չկա: Ինչ վերաբերում է կուտակային համակարգին, ապա այն միանշանակ չընդունվեց, ինչը հասկանալի է, քանի որ խոսքը մարդկանց վստահության մասին է: Դիմադրում են համակարգին, որը տանելու է արժանապատիվ ծերության, կուտակայինի իմաստը հենց այն է, որ ավելին են ստանալու, քան խորհրդային տարիներին: Ինչքան ներդրում ունեցար, ինչքան աշխատեցիր, այնքան ավելի արժանապատիվ ծերություն կունենաս:
- Անդրադառնանք ՕՐՕ դաշինքնի դրույթներից մեկին: Վերջինս խոստանում է պայմանագրային զինծառայողների աշխատավարձը հասցնել 240 000 դրամի, սպայական և ենթասպայական կազմերինը՝ 320 000 և 480 000 դրամի:
- Այն, որ պետք է զինծառայողների աշխատավարձերը բարձրացնել, կասկած չկա, բայց խնդիրն այն է, որ մեր ՀՆԱ-ի և եկամուտների ներկայիս պայմաններում նման ռեսուրսներ չկան: Խոսքը 50 մլրդ դրամի մասին է: Աստիճանաբար կարելի է նման քայլերի դիմել, անգամ անցում կատարել պրոֆեսոիանալ բանակին, բայց այսօր ավելի շատ որակյալ զինտեխնիկա է պետք ձեռք բերել անվտանգությունն ապահվելու համար: Բյուջեի այսօրվա վիճակը թույլ չի տալիս նման բարձրացման մասին խոսել:
- Նպատակահարմա՞ր եք համարում ՕՐՕ դաշինքի առաջարկը՝ մինչև 60 մլն դրամ շրջանառություն ունեցող փոքր բիզնեսի համար 5 տարով հարկային արձակուրդ սահմանել:
- Արտոնությունները երբեք դրական հետևանքներ չեն ունենում, որովհետև ստեղծվում են անհավասար պայմաններ: Եթե խոսքը փոքր բիզնեսի մասին է, որը սովորական գործունեությամբ է զբաղվում, ապա նման գործունեության տեսակներին արտոնություն տալու մասին խոսք չի կարող լինել, որովհետև դա այն է, ինչը մեծ ավելացված արժեք չի ստեղծում: Այսինքն՝ առաջարկվում է տնտեսության մի հատվածի արտոնյալ վիճակի մեջ դնել, ինչը կխախտի տնտեսության ամբողջ համամասնությունները: