29/03/2017 20:40
Դատախազությունն առաջարկում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» կողմից կաշառքի մասին տեղեկատվությունը փոխանցել իրեն
ՀՀ դատախազությունը մեկնաբանել է այսօր «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տարածած հաղորդագրությանը:
«2017 թվականի մարտի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը հայտարարել էր. «Հակակոռուպցիոն կենտրոնը Հանրապետության 12 քաղաքներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ սույն թվականի մարտի 13-ից 24-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ընտրակաշառքի բաժանման կամ խոստման 45 դեպք: (...) Կաշառք են բաժանել կամ խոստում են տվել հանրապետականներն ու «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները:
Գրանցվել են նաև ճնշումների, սպառնալիքների 9 դեպք»:
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ 20.01.2017 թ-ից. ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը մարտի 29-ի դրությամբ ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի 207 հրապարակում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակել են 45-ը: Նշված 45 հրապարակումները ուղարկվել են ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններ` դրանցով ստուգողական գործողություններ կատարելու նպատակով, որի արդյունքում 45 հրապարակումներից 40-ով դրանցում նշված հանգամանքները հերքվել են կամ չեն հաստատվել, իսկ մյուսներով ստուգողական գործողությունները շարունակվում են: Նշված 45 հրապարակումներից 37-ը վերաբերել են առերևույթ ընտրակաշառք տալուն, 8-ը՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն:
Աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրված և իրավապահ մարմինների կողմից համապատասխան գնահատականի արժանացած դեպքերի և Վ. Հոկտանյանի կողմից հրապարակված դեպքերի համադրման, դրանց վերաբերյալ ստուգողական գործողություններ կատարված չլինելու դեպքում այդպիսիք նախաձեռնելու և համապատասխան գնահատականի արժանացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը նամակով դիմել է Վ. Հոկտանյանին՝ վերջինիս կողմից հրապարակված դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ գլխավոր դատախազություն փոխանցելու առաջարկով», - նշվում է հաղորդագրության մեջ: