29/03/2017 16:13
Եվրոպական միությունը չունի գործիքներ՝ անվտանգությունն ապահովելու. Իսկանդարյանը հակադարձում է եվրոպամետ քաղաքական ուժերին
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ուսումնասիրել է նախընտրական քարոզարշավը և եզրակացրել, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Հայաստանի ոչ արտաքին, ոչ անվտանգությանը վերաբերող հարցերը չեն քննարկվել:
«Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի շուրջ Հայաստանի քաղաքական էլիտայում կա միանգամայն հստակ կոնսենսուս, որը դեռ կշարունակվի», - այսօր անվտանգության և արտաքին քաղաքականության թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Իսկանդարյանը:
Անդրադառնալով ապրիլի 3-ին, երբ կհրապարակվեն խորհրդարանական ընտրությունների արդյունքները, քաղաքագետն ասաց, թե բոլորին է հայտնի, թե որ քաղաքական ուժն է խորհրդարանում կազմելու մեծամասնություն: Նա ասաց, թե խորը հարգանքով է վերաբերվում այն քաղաքական ուժերին, որոնք Եվրոպական միության կողմնորոշում ունեն ու հավելեց. «Եվրոպական միությունը չունի գործիքներ անվտանգությունն ապահովելու համար: ԵՄ-ն այդ գործիքները վերցնում է ՆԱՏՕ-ից, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և վերջակետ: Խոսակցությունն այստեղ ավարտվում է»:
Այդուհանդերձ, ըստ քաղաքագետի, քաղաքական ուժերի միջև ներքին պայքար է ընթանում ընտրողի ձայնի համար:
«Ընտրողների մոտ, որոնք ես բաժանում եմ սոցիալական տարբեր խմբերի, կան տարբեր պատկերացումներ սիմվոլների ու կարգախոսների հանդեպ: Օրինակ՝ «Եվրոպա» բառը շատ գեղեցիկ բառ է, օրինակ, կարող է նշանակել «եվրոռեմոնտ», «եվրո ինչ-որ բան» և այլն: Եվրոպականը լավ է, հետևաբար եվրաինտեգրացիան շատ լավ բան է: Այդ իսկ պատճառով խոսում են եվրաինտեգրացիայի մասին, քանի որ կա մարդկանց մեծ խումբ, որին դա հաճելի է և որպես ընտրող դրական է վերաբերվում դրան», - ասաց Ա. Իսկանդարյանը:
Նա հակադարձում է եվրոպական ինտեգրացիայի ջատագով քաղաքական ուժերին ու նրանց ներկայացրած ծրագրերին՝ ընդգծելով, որ եվրոպական տնտեսական կառույցներում Հայաստանին չեն սպասում և անհասկանալի է, թե ինչպես են ընտրողին խոստանում, որ եվրոպական կառույցներին ինտեգրման միջոցով կլուծվի ղարաբաղյան հիմնահարցը: