29/03/2017 13:58
Եթե ձեզ չեն պատասխանում պետական ապարատից` պատուհանից ու «ֆորտոչկայից» մտեք. Կարեն Կարապետյան
Այսօր Գառնիում նախընտրական հանդիպմանը վարչապետ Կարեն Կարապետյանը հորդորեց ներկաներին հետևողական լինել կառավարական ապարատին ներկայացրած ծրագրերի պատասխանների հարցում:
Քաղաքացիներից մեկը նշեց, որ վաղուց ներկայացրել է Գառնիի զբոսաշրջության զարգացման ծրագիր, սակայն պատասխան այդպես էլ չի ստացել:
«Իսկ դուք ակտի՞վ եք: Կապվե՞լ եք իրենք հետ», - հետաքրքրվեց Կարեն Կարապետյանը:
Ի պատասխան՝ գառնեցին նշեց, որ կապվել է ու իրեն խոստացել են պատասխանել, սակայն մեկ ամսվա ընթացքում ոչ մի արձագանք չի եղել:
«Եթե մեկ ամսվա մեջ ձեզ չեն պատասխանել, մենք կհետաքրքրվենք, բայց չեն պատասխանե՞լ, պատուհանից մտեք, պատուհանից չեն թողնո՞ւմ` «ֆորտոչկայից» մտեք: Ես չեմ ասում, որ դա դառնալու է խաղի կանոն: Մենք պետական ապարատում շատ բան ունենք փոխելու, մենք իրականում կհետևենք` ինչի՞ պատասխան չենք տվել, բայց դուք էլ հետևողական եղեք, լա՞վ», - ասաց վարչապետը: