29/03/2017 16:21
Հռոմի պապը հորդորել է պաշտպանել Իրաքի խաղաղ բնակիչներին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել է Իրաքի խաղաղ բնակիչներին պաշտպանելու շտապ միջոցներ ձեռնարկել հումանիտար ճգնաժամի հերթական սաստկացումից հետո, հայտնել է AP գործակալությունը, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Խորը ցավ հայտնելով արյունահեղ հակամարտության հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ` ես վերստին հորդորում եմ բոլոր ուժերը ներդնել քաղաքացիական անձանց պաշտպանելու համար: Դա անհրաժեշտ և անհետաձգելի պարտականություն է», - հայտարարել է քահանայապետը՝ մարտի 29-ին Վատիկանում հանդես գալով ավանդական համընդհանուր ունկնդրության ժամանակ:
Քահանայապետը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ողջունել է իրաքցիների միջկրոնական խմբին՝ նրանց հորդորելով օգնել իրենց հայրենիքին էթնիկական ու կրոնական տարբեր խմբերի հաշտեցման գործում: Ֆրանցիսկոս պապը նշել է, որ ինքը հատկապես մտահոգված է այն իրաքցիների ճակատագրով, որոնք «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) խմբավորման ահաբեկիչների շրջափակման մեջ են հայտնվել Մոսուլի արևմտյան շրջաններում: