29/03/2017 17:00
ՄԱԿ գլխավոր քարտուղարը հայտնել է պաղեստինյան խնդրի լուծման միակ ուղու մասին
Պաղեստինի և Իսրայելի միջև պաղեստինա-իսրայելական հակամարտության` «երկու պետության» հայեցակարգի հիմքով լուծումը կարգավորման միակ ուղին է: Հորդանանում այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, փոխանցում է РИА Новости-ն:
Նա մասնակցում է Մեռյալ ծովում անցկացվող Արաբական երկրների լիգայի հերթական 28-րդ գագաթաժողովի բացմանը:
«Պաղեստինցիների և իսրայելցիների միջև խաղաղության հասնելու միակ ուղին «երկու պետության» սկզբունքով լուծումն է: Մենք պետք է դադարեցնենք այս ուղուն խոչընդոտելու բոլոր փորձերը», - ասել է նա:
28-րդ արաբական գագաթաժողովը տեղի է ունենում Հորդանանում` Մեռյալ ծովում, կազմակերպության անդամ 18 երկրների ղեկավարների մասնակցությամբ: Այն վերջին տարիներին դարձել է ամենաներկայացուցչականներից մեկը: Սկզբնապես հանդիպումը պետք է տեղի ունենար Եմենում, սակայն այս երկրի իշխանությունները միջոցառման անցկացումից հրաժարվել են ներքին բարդ իրավիճակի պատճառով:
Արաբական երկրների լիգայի մեջ է մտնում 21 երկիր և Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը: Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Կահիրեում: