29/03/2017 14:30
Միջազգային կառույցների աջակցությամբ Հայաստանում ծավալուն բարեփոխումներ են իրականացվել. Նալբանդյան
Մարտի 29-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Իգնասիո Սանչես Ամորին:
Նախարար Նալբանդյանն արժևորել է Հայաստանում ընտրական գործընթացներում ԺՀՄԻԳ-ի արդեն 11-րդ անգամ դիտորդական առաքելության իրականացումը։
Հայաստանի արտգործնախարարը կարևորել է ԺՀՄԻԳ-ի կողմից ընտրությունների դիտարկումը, ընտրական գործընթացների կատարելագործման նպատակով օժանդակության տրամադրումը, օրենսդրական բարեփոխումների հետ կապված ՀՀ համապատասխան պետական մարմինների հետ հաստատված փոխգործակցությունը։
Նախարարը շեշտել է, որ, միջազգային կառույցների աջակցությամբ, Հայաստանում ծավալուն բարեփոխումներ են իրականացվել, ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ համագործակցաբար լրամշակվել է ընտրական օրենսգիրքը, որն արժանացել է նաև միջազգային համապատասխան կառույցների դրական գնահատականին։
Իգնասիո Սանչես Ամորը ներկայացրել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտարկման ուղղությամբ իրականացվող քայլերը և տեղեկացրել, որ դիտորդական առաքելության մեջ ներգրավված են երեք տասնյակ երկարաժամկետ և շուրջ երեք հարյուր կարճաժամկետ դիտորդներ, որոնք իրենց առաքելությունը կիրականացնեն Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:
Նախարար Նալբանդյանը վերահաստատել է առաջիկա ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու ՀՀ իշխանությունների վճռականությունը և վերահաստատեց ԱԳՆ պատրաստակամությունը՝ իր իրավասությունների շրջանակներում օժանդակելու ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության աշխատանքներին: