29/03/2017 16:40
Ոչ մի թիզ հող հանձնելու և հիմա խաղաղություն հաստատելու մասին հայտարարությունները արվում են ընտրողներին գրավելու համար. Քաղաքագետ
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը տարօրինակ է համարում ընտրություններից առաջ այն քաղաքական ուժերի հայտարարությունները, թե «մեր ոգին ամուր է, ոչ մի թիզ հող չենք հանձնի և կճանաչենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:
«Հասարակության մի լայն զանգված դա շատ բնական է համարում հատկապես ապրիլյան պատերազմից հետո և այդ ազդեցության տակ կարող է քվեարկել այդ ուժի օգտին», - այսօր անվտանգության և արտաքին քաղաքականության թեմայով քննարկման ժամանակ ասաց Իսկանդարյանը:
Հետևաբար, ըստ քաղաքագետի, նախընտրական քարոզարշավում նման շեշտադրումն արվում է ընտրողներին գրավելու, ընտրող ունենալու համար:
Նշենք, որ իր նախընտրական ծրագրում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման, Արցախը Հայաստանի մաս համարելու մասին հայտնել է Հ. Յ. Դաշնակցություն կուսակցությունը:
Ինչ վերաբերում է խաղաղության և հաշտության մասին քարոզին, որն այս նախընտրական արշավում անում էր Կոնգրես-ՀԺԿ դաշինքը, Իսկանդարյանն ասաց, որ, իսկապես, կան մարդիկ, ովքեր հոգնել պատերազմից ու հավելեց.
«Այո, իսկապես, կան մարդիկ, ովքեր հոգնել են ու չեն ցանկանում մարդկային կյանքեր տալ այս լուռ պատերազմում: Մարդիկ ցանկանում են ապրել խաղաղության մեջ, հենց հիմա, բայց նրանց դժվար է բացատրել, որ մենք նորմալ բանակցային գործընկեր չունենք, և դա նրանց առանձնապես հաճելի չի էլ լինի: Ու այդպես կարելի հավաքել 7 տոկոս»: